FLYONE ARMENIA և Airbus ընկերությունները կնքել են համաձայնագիր՝ Airbus A321neo դասի երկու օդանավ ձեռք բերելու վերաբերյալ
- 4 hours ago
- 2 min read

Մայիսի 4-ին FLYONE ARMENIA-ն՝ հայկական ավիացիայի առաջատար ավիաընկերությունը, հայտարարել է ռազմավարական կարևորության համաձայնագրի ստորագրման մասին Airbus ընկերության հետ՝ երկու Airbus A321neo (A321-200NX) դասի օդանավերի ձեռքբերման վերաբերյալ։
Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ՝ FLYONE ARMENIA-ի գլխավոր տնօրեն՝ Արամ Խաչատրյանի և Airbus ընկերության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նախագահ, վաճառքի գծով փոխնախագահ Շարբել Յուզկաթլիի կողմից՝ ընդգծելով համագործակցության բարձր մակարդակն ու դրա միջազգային նշանակությունը։
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել։ Airbus ընկերության անունից ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել FlyOne Armenia-ին՝ համագործակցության հետևողական ամրապնդման և A320 ընտանիքի նկատմամբ ցուցաբերվող վստահության համար, հատկապես՝ A321neo մոդելի ընտրության առումով»,- նշել է Airbus ընկերության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նախագահ, վաճառքի գծով փոխնախագահ Շարբել Յուզկաթլին։
«Այսօր մենք բոլորս ականատես եղանք չափազանց կարևոր իրադարձության։ FLYONE ARMENIA-ն Airbus ընկերության հետ կնքեց համաձայնագիր Airbus A321neo տիպի օդանավերի ձեռքբերման վերաբերյալ, որը կարելի է համարել պատմական քայլ ինչպես Հայաստանի ավիացիայի, այնպես էլ մեր ընկերության համար։ Այս գործարքը միայն օդանավերի ձեռքբերում չէ․ այն ներառում է նաև ուսուցման և զարգացման լայնածավալ ծրագրեր, որոնք առաջիկա տարիներին կիրականացվեն Airbus-ի կողմից։ Սա մեզ կբարձրացնի նոր մակարդակի՝ թե՛ համագործակցության, թե՛ որակական ցուցանիշների առումով։ Մենք հպարտ ենք լինել այս կարևոր նախաձեռնության մաս»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։
Այս ձեռքբերումը կարևոր քայլ է FLYONE ARMENIA-ի ռազմավարական զարգացման շրջանակում՝ ուղղված նավատորմի ընդլայնմանը, երթուղային ցանցի զարգացմանը և միջազգային շուկայում ընկերության դիրքերի ամրապնդմանը։
Նոր սերնդի Airbus A321neo օդանավերը առանձնանում են բարձր վառելիքային արդյունավետությամբ, նվազեցված արտանետումներով և բարձր հարմարավետությամբ՝ ապահովելով ուղևորների համար ժամանակակից և որակյալ թռիչքային փորձ։
FlyOne Armenia-ի մասին․
FlyOne Armenia-ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին: Այն չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ շուրջ քսաներեք ուղղություններով, որոնց թիվը գնալով ավելանում է։ Իր գործունեության ընթացքում FlyOne Armenia-ն արդեն փոխադրել է ավելի քան երեք ու կես միլիոն ուղևոր: Ընկերության ժամանակակից նավատորմը ամբողջությամբ համապատասխանում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։




















