Երևանում օտարերկրացուն առևանգել են, տարել Ծաղկաձոր ու 650 հզ դոլար պահանջել
Հուլիսի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանում առևանգել են ՌԴ քաղաքացու և նրանից պահանջել խոշոր չափի գումար։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Ըստ այդ տեղեկությունների՝ առևանգվածը ՌԴ քաղաքացի, 32-ամյա Սերգեյ Ֆեռովն է, ով կատարվածի մասին հեռախոսով հաղորդագրություններ է ուղարկել իր ընկերոջը՝ ՌԴ քաղաքացի Վ․ Ռուդնիցկինին։
Ոստիկանները պարզել են, որ Երևան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկից «Lexus» մակնիշի ավտոմեքենայով առևանգել են Ս․ Ֆեռովին, տարել Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկը և բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են, որպեսզի նա իրենց փոխանցի 650 հազար ԱՄՆ դոլար։Ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները հայտնաբերել են Ս․ Ֆեռովին, ով հայտնել է որոշ մանրամասներ, ինչից հետո ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, Ծաղկաձոր քաղաքում Ս․ Ֆեռովին ապօրինի պահելու համար բռնել են Վրաստանի քաղաքացի 22-ամյա Նիկոլոզի Ատաշովին և ՀՀ քաղաքացի, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Գևորգ Ս․-ին։Գ․ Շամշյանի տեղեկություններով, նրանք հայտնաբերվել են «Թեղենիս» հյուրանոցային համալիրում, որտեղից էլ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին։Նրանց հետ եղել է 1 հոգի ևս՝ Կոտայքի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուր Մ․-ն։Ոստիկանները պարզել են, որ առևանգվածին ռեստորանային համալիրից խաբել, նստեցրել են Գևորգ Ս․-ի «Lexus» մակնիշի ավտոմեքենան՝ Մարտունի քաղաք գնալու համար։Արդեն ճանապարհին նրանք ստիպել են ՌԴ քաղաքացուն, որ անջատի հեռախոսը և հասնելով Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի վրա գտնվող «Սոնալ» ռեստորանային համալիր՝ սկսել են առևանգվածի և նրա ընտանքի անդամների հասցեին սպառնալիքներ հնչեցնել, հետո իր կամքին հակառակ ստիպողաբար դարձյալ նստեցրել են «Lexus»-ը և Գեղարքունիքի մարզից տարել Ծաղկաձոր քաղաքի «Թեղենիս» հյուրանոցային համալիր, որտեղ նույնպես շարունակել են սպառնալիքներ հնչեցնել։ Ըստ տուժող Ս․ Ֆեռովի հայտարարության՝ Գևորգ Ս․-ն այդ ընթացքում ձեռքը տարել է ատրճանակին և սպառնացել, որ եթե գումարը չտա՝ կկրակի ոտքերին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Ն․ Ատաշովին հայտնաբերելու ուղղությամբ։Դեպքի փաստով Ոստիկանության Հրազդանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Գևորգ Ս․-ի և Արթուր Մ․-ի հետ միասին ներկայացվել են են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ ՀՀ քր. օր.-ի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 335 հոդ. 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ Գևորգ Ս․-ն և Արթուր Մ․-ն ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության Հրազդանի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։