Թուրքիայի իշխանությունները բողոքի ցույց են հրահրել՝ ընդդիմադիր երեք լրագրողի ձերբակալելով

Ընդդիմադիր BirGun թերթի երեք լրագրող մի քանի ժամով ձերբակալվել են հակաահաբեկչական օրենքի համաձայն՝ Ստամբուլի գլխավոր դատախազին վերաբերող հոդվածի պատճառով, հայտնում է AFP-ն։
Այս քայլը դատապարտել են «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը և Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր CHP կուսակցությունը: Լրագրողներ Ուղուր Քոչը և Բերկանտ Գյուլթեքինը, որոնք աշխատում են BirGun.net առցանց պարբերականի համար, և դրա գլխավոր խմբագիր Յաշար Գյոքդեմիրը շաբաթ ուշ երեկոյան բերման են ենթարկվել իրենց տներից՝ «ահաբեկչության դեմ պայքարով զբաղվող անձանց հետապնդման համար», գրել է BirGun-ի գլխավոր խմբագիր Իբրահիմ Վարլին X սոցիալական ցանցում։
Ըստ նրա, դրա պատճառը հոդվածն է այն մասին, որ կառավարամետ Sabah թերթի լրագրողն այցելել է Ստամբուլի գլխավոր դատախազ Աքին Գուրլեքին, ինչի մասին «արդեն հայտարարել է նաև Sabah-ը»: Վարլին մեղադրել է իշխանություններին «հետաքննություններով և ձերբակալություններով մամուլին և հանրությանը վախեցնելու փորձերի մեջ»: Երեքն էլ ազատ են արձակվել այն բանից հետո, երբ կիրակի օրը կանգնել են Ստամբուլի դատարանի առաջ։ Ձևական առումով նրանք չեն ձերբակալվել։
Մոտ 100 ցուցարարներ հավաքվել են դատարանի շենքի մոտ՝ ձեռքներին թերթի օրինակները և «BirGun-ը չի լռի» և «Լրագրությունը հանցագործություն չէ» գրություններով պաստառներ, հաղորդում է AFP-ն: Անկարայում ցույցին մասնակցել է երեք հարյուր մարդ։
Վերջին ամիսներին Ստամբուլի գլխավոր դատախազի մասին հոդվածներն ու մեկնաբանությունները մի քանի դատավարությունների առիթ են դարձել, այդ թվում՝ վերջին հետաքննությունը Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ և ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելի նկատմամբ անցած տարվա հետաքննությունը:
Լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության MLSA խումբը հունվարի 6-ին հայտնել է, որ առնվազն 30 լրագրող և լրատվամիջոցների աշխատակից Թուրքիայում բանտարկված է, չորսը տնային կալանքի տակ են։
2024 թվականին դիտարկվել է խոսքի ազատության գործով 281 դատավարություն՝ 1856 մեղադրյալների մասնակցությամբ, որոնցից 366-ը՝ լրագրողներ են։