Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին օրենքին․ այն կստորագրվի
Իրանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին օրենքի ստորագրմանը, հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմին։
«Նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի նախագծի ստորագրմանը»,- Fars գործաակալության հաղորդմամբ, ասել է Ջահրոմին մամուլի ասուլիսի ժամանակ։
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ փաստաթուղթը Իրանի մեջլիսում ընդունվելուց հետո պետք է հաստատվի նաև Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից։ Այն վերխորհրդարանական մարմին է, որը վերլուծում է պատգամավորների կողմից ընդունված օրենքների համապատասխանությունը երկրի սահմանադրությանը։
Նշենք, որ Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Սանկտ-Պետերբուրգում։