top of page

Երևանից թռիչք իրականացրած ուղղաթիռը Իգդիրից Հայաստան է տեղափոխել կոմայի մեջ գտնվող ՀՀ քաղաքացու

Օգոստոսի 17-ին Թուրքիայում Արարատ լեռան գագաթը բարձրանալուց և իջնելուց հետո Հայաստանի 48-ամյա քաղաքացի Ա.Վ.-ի առողջական վիճակը հանկարծակի վատացել էր։ Էրմենիհաբերի փոխանցմամվ՝ կինը, ով կորցրել էր գիտակցությունը, տեղափոխվել էր Դողուբայազեթի Յաշար Էրյըլմազի անվան պետական հիվանդանոց։

Հիվանդանոցի բժիշկները միջամտել են դիաբետիկ կոմայի մեջ ընկած Հայաստանի քաղաքացու կյանքը փրկելու համար։ Չնայած մի քանի օրվա բուժմանը, հիվանդի վիճակը շարունակում էր մնալ ծայրահեղ ծանր։ Հայաստանում  նրա հարազատները ցանկանում էին, որ նրան հնարավորինս շուտ տեղափոխեն Հայաստան։ Միևնույն ժամանակ թուրք բժիշկները միանշանակորեն պնդել էին, որ փոխադրումն իրականացվի օդային ճանապարհով՝ բարդացումներից խուսափելու նպատակով։

ՀՀ Արտաքին գործերի նախարարության և ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի համատեղ աշխատանքի շնորհիվ անմիջապես կազմակերպվել է օդային ճանապարհով ՀՀ քաղաքացու տեղափոխումը։ 

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ բանակցությունների արդյունքում թռիչքի թույլտվություն է ստացել։ Օգոստոսի 22-ին հայկական սանիտարական ուղղաթիռը վայրէջք է կատարել Իգդիրի օդանավակայանում և տեղափոխել Հայաստանի քաղաքացի Ա.Վ.-ին Երևան, Էրեբունի բժշկական կենտրոն։

Վերջին տեղեկություններով՝ կնոջ առողջական վիճակը բարելավման միտում ունի, նա այլևս ծանր վիճակում չէ։

bottom of page