Մտադիր եմ աշխատաժողով կազմակերպել, հրավիրում եմ մասնակցելու 2024-ին 50 մլն դրամ և ավելի հարկ վճարած ընկերությունների ղեկավարներին. Փաշինյան
- 24timeam
- Feb 17
- 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է գործարար համայնքի ներկայացուցիչներին։
«Կառավարման ոլորտում առկա թերությունները բոլորս գիտենք, ոչ ոք դա չի ժխտում:
Գործարար համայնքին հուզող շատ հարցերի Կառավարության ներկայացուցիչները, ինքս անձամբ առնչվում ենք տարբեր նամակների բերումով: Այդ դիմումների հետ իմ աշխատանքից հանգել եմ եզրակացության, որ տնտեսական գործունեության եւ ներդրումային միջավայրում առկա խնդիրներին եւ հնարավորություններին, կառավարման արդյունավետության բարձրացման եւ բարեփոխումների առաջնահերթություններին Կառավարություն-ԱԺ-ՏԻՄ-Գործարար համայնք համատեղ ձեւաչափով անդրադառնալու եւ համատեղ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա:
Առաջիկայում մտադիր եմ մի նման աշխատաժողով կազմակերպել: Աշխատաժողովին հրավիրում եմ մասնակցելու 2024 թվականին 50 մլն դրամ եւ ավելի հարկ վճարած այն ընկերությունների ղեկավարներին, ովքեր հետաքրքրված են կիսվել գործարարությամբ զբաղվելու մեր միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու իրենց գաղափարներով:
Հրավիրում եմ նաեւ գործարար, այդ թվում ՓՄՁ համայնքը միավորող կազմակերպությունների ղեկավարներին, որպեսզի քննարկման բերեն աշխատաժողովին ուղղակի մասնակցության հնարավորություն չունեցող իրենց անդամներին հուզող հարցերը:
Աշխատաժողովին մասնակցելու հայտերը խնդրում եմ ուղարկել մինչեւ փետրվարի 28-ը՝ workshop2025@gov.am էլեկտրոնային փոստի հասցեով, նշելով նաեւ առկա խնդիրներին վերաբերող մինչեւ 3 հարց, որոնցից առավել հիշատակվածները կդառնան աշխատաժողովի օրակարգի մաս:
Աշխատաժողովը կհրավիրվի ապրիլ ասմվա ընթացքում, օրվա եւ տեղի մասին հրավիրյալները կտեղեկացվեն աշխատանքային կարգով»: