top of page

ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին, ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Իրանին. ինչ է հայտնի ՄԱԿ-ի ԱԽ նիստից

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 14
  • 1 min read
ree

Իրանում իսրայելական հարվածներից զոհվել է 78 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, ավելի քան 320 մարդ վիրավորվել է, որոնց մեծ մասը՝ քաղաքացիական անձինք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի բանագնաց Ամիր Սայիդ Իրավանին։


Ըստ Reuters գործակալության՝ Իրավանին նաև նշել է, որ ԱՄՆ-ն «հանցակից է» այս ամենին։


«Այս հանցագործություններին օգնելով և նպաստելով՝ նրանք կիսում են հետևանքների լիարժեք պատասխանատվությունը», - հայտարարել է Իրավանին։


Իր հերթին, նիստին ներկա ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա ՄքՔոյ Փիթը հայտարարել է, որ Իրանի համար շատ ծանր հետևանքներ կլինեն, եթե Թեհրանը թիրախավորի ԱՄՆ քաղաքացիներին, ամերիկյան ռազմակայանները կամ ենթակառուցվածքը։


Պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի դիվանագիտական լուծում փնտրել, որը կապահովի, որ Իրանը երբեք չունենա միջուկային զենք և սպառնալիք չներկայացնի կայունության համար։ 


Նա նաև նշել է, որ Իրանի ղեկավարության կողմից «խելացի կլիներ այս անգամ բանակցել»։


ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ վարչակազմը նախապես տեղեկացված է եղել հարձակման մասին, և որ հարվածներն անհրաժեշտ են եղել Իսրայելի ինքնապաշտպանության համար։


ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնն էլ նշել է, որ հետախուզությունը հաստատել էր, որ Իրանն օրերի ընթացքում կարող էր բավականաչափ տրոհվող նյութ արտադրել բազմաթիվ ռումբերի համար։ Պաշտոնյան հայտնել է, որ Իրանին ուղղված հարվածներն «ազգային պահպանման գործողություն էին», որոնք Իսրայելը միայնակ է ձեռնարկել։

«Մենք սպասում էինք, որ դիվանագիտությունն աշխատի, հետևում էինք, թե ինչպես են բանակցությունները ձգձգվում, մինչ Իրանը կեղծ զիջումներ էր անում կամ հրաժարվում ամենահիմնարար պայմաններից», - ասել է նա։



 
 
1/2382
bottom of page