«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ականներին կհավաքի Սեւանի ամառանոցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը` սեպտեմբերի 7-ին, իշխանական վերնախավին կհավաքի Սեւանի կառավարական ամառանոցում, որտեղ կուտեն-կխմեն եւ կքննարկեն անելիքները: Նա անբռնազբոս միջավայրում գնահատականներ կտա կառավարության եւ օրենսդիրի գործունեությանը, ինստրուկտաժ կանի առաջիկա անելիքների մասով ու կճանապարհի դեպի քաղաքական աշուն։
Մեր տեղեկություններով՝ հավաքը նախատեսել էին դեռ հուլիսի 9-ին՝ ԱԺ աշխատանքի ավարտից հետո, ինչպես անցած տարի, բայց ներքաղաքական անհանգիստ վիճակով եւ հատկապես սրբազան պայքարով պայմանավորված` հետաձգվել էր։ Ի դեպ, ՔՊ-ականները չարախնդում են, որ իրենց հաշվին հերթական քեֆն են անում՝ անցած անգամ յուրաքանչյուրը 20 հազար դրամ է «քցվել» Սեւանում հավաքվելու համար։ Իբրեւ թե բյուջեից կուսակցական ծախսերը չեն ֆինանսավորում, բայց բոլորը հասկանում են, ինչպես Փաշինյանն է ասում` փողը երբեք շատ չի լինում: Իսկ ուրբաթ օրը խմբակցության նիստ է նշանակված։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն էլ «Հայաստան» խմբակցությանն էր տարել Բյուրական՝ արտագնա նիստում քննարկելու առաջիկա անելիքները: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նրա թիմն ասում է՝ հավաքներ չեն անում, ամենօրյա ռեժիմով քննարկում են իրենց անելիքները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում