top of page

Ո՞րն է բազոֆիլների հիմնական ֆունկցիան

Բազոֆիլները հատվածավորված կորիզով և խոշոր, տարբեր չափերի և ձևի գրանուլաներ պարունակող ցիտոպլազմայով լեյկոցիտներ են:

Բազո‎ֆիլները կազմում են շրջանառող լեյկոցիտների 0-1%-ը: Բազոֆիլների կյանքի տևողությունը 8-12 օր է: Դրանք ունեն 8-12 մկմ տրամագիծ: Արյան մեջ շրջանառում են մի քանի ժամ:

Բազոֆիլների ցիտոպլազման պարունակում է հեպարին՝ հակամակարդիչ նյութ, հիստամին՝ անոթալայնիչ և կենսաբանական այլ ակտիվ նյութեր:

Բազոֆիլների հիմնական ֆունկցիան տարբեր բնույթի ալերգիկ ռեակցիաներին մասնակցությունն է: Բազո‎ֆիլներն ընդունակ են նաև ֆագոցիտոզի, ներգործում են մակարդման և ֆիբրինալուծման գործընթացների վրա:

Կլինիկական նշանակություն ունի միայն բազոֆիլների թվաքանակի զգալի բարձրացումը՝ բազոֆիլիան, որն այս բջիջների քանակի բարձրացումն է մեկ միկրոլիտրում 150 և ավելի:

Բազոֆիլների հետազոտության հիմնական ցուցումներն են՝

պլանային կանխարգելիչ հետազոտություն,

հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն,

վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում,

հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն։

Բազոֆիլներ թեսթի համար հանձնվող կենսանմուշն երակային արյունն է։

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին՝ քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը պետք է լինի ոչ պակաս, քան 8 ժամը (ցանկալի է՝ 12 ժամ առաջ): Հետազոտությունից առաջ անհրաժեշտ է բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով). կարելի է միայն ջուր խմել:

Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:

Թեստի արդյունքների մեկնաբանությունը ներառում է՝

բազոֆիլների թվաքանակի բարձրացում,

ալերգիկ վիճակներ, այդ թվում՝ դեղորայքային ալերգիաներ,

կոլիտներ,

քրոնիկ հեմոլիտիկ անեմիաներ,

որոշ վարակիչ հիվանդություններ (գրիպ, ջրծաղիկ և տուբերկուլոզ),

չարորակ նորագոյացություններ,

օնկոհեմատոլոգիական հիվանդություններ։

Բազոֆիլների միջազգային անվանումներն են Basophils և հապավումը՝ BASO։

Թեստի հանձնումից առաջ և հետո կարևոր է գտնվել բժշկի հսկողության ներքո և ստանալ անհրաժեշտ հրահանգները։

1/1872
bottom of page