Գերմանիան և Ուկրաինան պաշտպանական ոլորտում նոր համաձայնագրեր են ստորագրել
- 4 hours ago
- 1 min read

Գերմանիան և Ուկրաինան միջկառավարական խորհրդակցությունների շրջանակում կնքել են մի քանի համաձայնագրեր պաշտպանական ոլորտում, այդ թվում՝ հակահրթիռային պաշտպանության և անօդաչու համակարգերի արտադրության բնագավառում։ Այս մասին հայտնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բեռլինն ու Կիևը պայմանավորվել են, որ Գերմանիան Ուկրաինայի համար կֆինանսավորի Raytheon ընկերությունից Patriot զենիթահրթիռային համալիրների համար նախատեսված մի քանի հարյուր հրթիռների գնումը։ Բացի այդ, համաձայնություն է ձեռք բերվել IRIS-T ՀՕՊ համակարգերի նոր արձակման կայանքների մատակարարման շուրջ, որոնք նույնպես կֆինանսավորվեն գերմանական կողմից։ Կայանքների հստակ քանակը չի նշվում։
Լրացուցիչ կերպով երկու երկրները պայմանավորվել են միջին և հեռահար գործողության անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին։ Այդ նպատակով կստեղծվի համատեղ ձեռնարկություն՝ հազարավոր ԱԹՍ-ներ մատակարարելու համար։ Գերմանիան նաև կաջակցի Ուկրաինային կամիկաձե-դրոնների արտադրության հարցում՝ հատկացնելով մի քանի հարյուր միլիոն եվրո։
Բացի այդ, Բեռլինն ու Կիևը մտադիր են փոխանակվել մարտական գործողությունների վերաբերյալ տվյալներով՝ ռազմական տեխնոլոգիաները զարգացնելու նպատակով։ Մասնավորապես, վերլուծվելու է ուկրաինական հակամարտությունում գերմանական տարբեր սպառազինությունների և թվային համակարգերի կիրառումը։
Գերմանիայի ՊՆ-ն հիշեցրել է, որ մինչ օրս երկիրը Ուկրաինային ցուցաբերել է մոտ 55 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն։ Այս տարի այդ նպատակների համար կհատկացվի ևս 11,5 միլիարդ եվրո։




















