Գյումրիի համերգին չներկայանալը եղել է «Տա Լույս» երգչախմբի որոշումը. ԿԳՄՍ նախարար

Համերգին չներկայանալու որոշումը եղել է երգչախմբինը, և նրանք էլ կրում են իրենց որոշումների պատասխանատվությունը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Պետք է ընդամենը պարզ տրամաբանություն ունենալ, քանի որ նախարարությունը համերգի հատկացման համար նախատեսել է միջոցներ, համերգի կազմակերպողն էլ «Ազնավուր» հիմնադրամն է եղել: Թե՛ նախարարությունը, թե՛ հիմնադրամը շահագրգիռ են, որ համերգը կայանա ամբողջ ծավալով ու նորմալ։
Որևէ կերպ, որևէ պրոցես քաղաքականացնելն անթույլատրելի է: Կարծում եմ՝ պրոցեսի քաղաքականացումը բոլորովին այլ կողմից է եղել, ցավում եմ, որ երեխաներին այդ պրոցեսում դարձրեցին քաղաքական գործիք, ինչն անընդունելի է»,- ասաց նա։
Լրագրողի դիտարկմանն, որ պայման է եղել, որ ժամը 13:00-ին սկսվի համերգը, մինչդեռ այն պետք է սկսվեր 14:00-ին, և տեխնիկապես հնարավոր չի եղել իրենց ելույթ ունենալն այդ ժամին, Անդրեասյանն արձագանքեց.
«Այս մասով այլ ասելիք չունեմ: Խնդրում եմ՝ ծանոթացեք փոխնախարար պարոն Դանիելյանի պարզաբանումներին, որոնք հրապարակվել են և ներկայացնում են ստեղծված իրավիճակը:
Որևէ երգչախմբի չեն զրկել ելույթ ունենալու հնարավորությունից, բոլորն ունեցել են ելույթ ունենալու հնարավորություն, և մասնակիցներից մեկը որոշել է չօգտվել այդ հնարավորությունից և հրաժարվել է ելույթ ունենալ: Դա իրենց որոշումն է»:
Հիշեցնենք՝ Գյումրու Թատերական հրապարակում հունիսի 1-ին ժամը 14:00-ին նախատեսված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ, որի ժամանակ ելույթ պետք է ունենար նաև Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախումբը՝ խմբավար Մարիա Գալստյանի գլխավորությամբ:
Գյումրի էր մեկնում նաև Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը՝ ունկնդրելու համերգը: Միջոցառումը սկսվել է նախատեսվածից 1 ժամ շուտ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի պահանջով:




















