Ինչ պահանջ է ունեցել Աբովյանի «Արդշինբանկ»-ի մասնաճյուղ նռնակով ներխուժած քաղաքացին․ նոր մանրամասներ
Ինչպես հայտնել էինք, մայիսի 24-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում. նռնակով զինված տղամարդը Աբովյան քաղաքում մտել էր Օգոստոսի 23 փողոցի 1/2 հասցեում գործող «Արդշինբանկ» և սպառնացել բանկը պայթեցնել: Վերջինս ձերբակալվել է։
ՆԳՆ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել դեպքից։
«Մայիսի 24-ին, ժամը 17․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը։
Անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և Աբովյանի քննչական բաժնի օպերատիվ խմբերը։Ըստ նախնական տեղեկությունների՝ նռնակով զինված տղամարդը բանկի տարածքում գտնվող անձանց կյանքի համար իրական վտանգ առաջացնելով՝ պահանջել է հետ վերադարձնել բանկում գրավադրված իր բնակարանը, որն արդեն իսկ Հարկադիր կատարման ծառայության կողմից վաճառվել է։ Տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը։
Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է Ֆ-1 տիպի նռնակը։ Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։
Բյուրեղավանի 50-ամյա բնակիչն ու կազմած փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Ահաբեկչությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Իրավապահների իրականացրած միջոցառումների շնորհիվ կատարվածի արդյունքում տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։