Ավարտվեց «Viva University» կրթական ծրագրի ևս մեկ փուլ
- Investigative journalist
- 2 days ago
- 2 min read

Ավարտվեց «Viva University»-ի հերթական փուլը: Երկու ամիս տևած ծրագրի արդյունքում 27 ուսանող ստացավ պրակտիկ գիտելիքներ և հմտություններ սպասարկման տարբեր կենտրոններում, այդ թվում նաև՝ մարզային: Ուսանողների այս խումբը ևս հնարավորություն ունեցավ բացահայտելու «գործատու-աշխատակից» և «ընկերություն-հաճախորդ» մոդելները, հստակ պատկերացում կազմելու կորպորատիվ մշակույթի և առաջատար ընկերության բիզնես կառավարման մոդելի առանձնահատկությունների ու առավելությունների մասին:
Արդեն տասը տարի Viva-ն ինքնաբացահայտման և զարգացման հնարավորություն է տալիս ուսանողներին՝ կարևոր ներդրում կատարելով նրանց մասնագիտացման և աշխատաշուկայում ինտեգրման հարցում: Տարիների պատասխանատու և ճկուն մոտեցման շնորհիվ՝ «Viva University» ծրագիրը կարևոր արդյունք է ապահովում երկրի, երիտասարդության ու բիզնեսի համար:
«Viva University»-ի շրջանավարտներին ողջունել է ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«Այսօր կարևոր օր է ձեզ համար: Դուք մասնակցել եք մի ծրագրի, որն էական ազդեցություն է թողնելու ձեր հետագա մասնագիտական կողմնորոշման վրա: Ձեզնից շատերը վստահաբար զգացին, որ սա մի կազմակերպություն է, որն զբաղվում է ոչ միայն հեռահաղորդակցության հարցերով, այլև այնպիսի նախագծերով, որոնց հիմքում թվային հարթակն է և երկրի թվային ապագան: Քսանամյա մեր ճանապարհին եղել են կարևոր ձեռքբերումներ ու նաև սխալներ: Դուք այդ անգնահատելի փորձառությունը կարճ ժամանակում ուսումնասիրելու և դրանով իսկ նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն եք ստացել: Կարողացել եք տեսնել ընկերության գործունեության ամբողջ շղթան և հասկանալ, որ Viva-ն բազմապրոֆիլ ընկերություն է: Ուրախ եմ տեղեկացնել, որ ձեզնից մի քանիսն ընտրվել են աշխատելու մեզ մոտ: Վստահաբար կարող եմ ասել, որ այն փորձը, որը ձեռք եք բերել այստեղ, կարևոր է և որևէ տեղ դիմելիս մրցակցային առավելություն է տալու ձեզ: Բարի երթ եմ մաղթում բոլորիդ», - ասել է Արմեն Ավետիսյանը:
Ընկերության՝ տարիների փորձ ունեցող մասնագետների օգնությամբ ծրագրի մասնակիցները դասընթացների ու սպասարկման կենտրոններում գործնական ակտիվ շփումների շնորհիվ ծանոթացան գործընկերային հաղորդակցման հմտություններին, բացահայտեցին միջանձնային հարաբերությունների և թիմային աշխատանքի կարևորությունը:
«Viva University»-ի հերթական փուլին մասնակցեցին ուսանողներ մայրաքաղաքից և 7 մարզից (Կոտայք, Արարատ, Արմավիր, Շիրակ, Տավուշ, Լոռի, Արագածոտն): Մասնակիցներից 6-ն արդեն համալրել են ընկերության աշխատակիցների շարքերը։
Տասը տարվա ընթացքում նախագծի շրջանավարտներից 117-ը համալրել են Viva-ի աշխատակիցների շարքերը: