Ինձագին արձագանքել է Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ դուրս գալուն

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ դուրս գալը: Կիսաեզրափակչում միլանցիները հաղթել են «Ատալանտային» (2:0):
«Մենք շատ լավ էինք։ Երկու խաղակեսում էլ մենք ցույց տվեցինք, որ հիանալի թիմ ենք, կենտրոնացած էինք և հմտորեն խաղացինք։ Երկրորդ խաղակեսում պետք է հաշիվը դարձնեինք 3:0, բայց ես չեմ կարող քննադատել այս տղաներին: Մենք հիանալի խաղ ցուցադրեցինք, և ես շատ գոհ եմ:
Այս հանդիպումները երբեք հեշտ չեն լինում, բայց խաղացողները վճռականություն դրսևորեցին։ Հեշտ չէ 3-4 օրը մեկ խաղադաշտ գնալը՝ ճանապարհորդության ընդմիջումներով, բայց մենք գերազանցեցինք բոլոր սպասելիքները։
Դումֆրիսը միշտ գոլեր է խփում «Ինտերի» և Նիդեռլանդների հավաքականի կազմում։ Մենք ունենք պաշտպաններ, ովքեր կարողանում են իրենց դրսևորել նման իրավիճակներում։
Թյուրամը կխաղա՞ եզրափակչում։ Չեմ կարող ասել, բայց նա ինձ ասաց, որ անհարմարություն է զգում մկանային հատվածում, և մենք անմիջապես փոխարինեցինք նրան: Տեսնենք՝ նա կկարողանա՞ մասնակցել եզրափակչին»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։
Մյուս կիսաեզրափակչում կխաղան «Միլանն» ու «Յուվենտուսը»։