Times Now. Ինչպես են համացանցում հայտնվել Դոնալդ Թրամփի հոսպիտալացման մասին լուրերը
- Apr 5
- 2 min read

Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստվերում է մնացել, քանի որ համացանցում լուրեր են շրջանառվում նրա գտնվելու վայրի մասին՝ Իրանի մասնակցությամբ շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին. գրում է Times Now-ն։
Լուրերը հայտնվել են այն բանից հետո, երբ նախագահը հանրությանը չի երևացել Իրանի վրա խոցված կործանիչից կատապուլտված ամերիկացի օդաչուի որոնումների հետ կապված։ Թրամփը հարցազրույց է տվել NBC News հեռուստաալիքին, որում հայտարարել է, թե օդաչուի անհետ կորելը չի ազդի հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Իրանի հետ համաձայնության հասնելու ջանքերի վրա։ Նա նաև շարունակել է պարբերաբար գրառումներ անել սոցիալական ցանցերում։
Նրա բացակայության պատճառով սոցիալական ցանցերի օգտատերերը սկսել են ենթադրել, թե Թրամփը գտնվում է Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմաբժշկական կենտրոնում։ Instagram-ի օգտատերերից մեկը գրել է. «Լուրեր են պտտվում, որ Դոնալդ Թրամփը Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոնում է։ Ըստ հաղորդումների՝ հիվանդանոցի շրջակա ճանապարհները փակ են։ Սպիտակ տունը դադար է հայտարարել, ինչը նշանակում է, որ Դոնալդ Թրամփն այսօր հանրությանը չի երևա»։ Polymarket կանխատեսումների և խաղադրույքների հարթակը Twitter-ում գրել է. «ՀՐԱՏԱՊ. Սպիտակ տունը դադար է հայտարարել, ինչը նշանակում է, որ նախագահ Թրամփը, ինչպես սպասվում է, մինչև օրվա վերջ հանրությանը չի երևա»։ «Դոնալդ Թրամփը հիմա Ուոլթեր Ռիդո՞ւմ է»,- հարցրել է մեկ այլ օգտատեր։ Սակայն այս պնդումները հերքել է անկախ լրագրող Էնդրյու Լեյդենը, որը լուսանկարներ է հրապարակել հաստատությունից դուրս։
Իր Twitter-ի էջում նա գրել է. «Շաբաթ, ապրիլի 4, ժամը 13:50։ Ուոլթեր Ռիդի ռազմաբժշկական կենտրոնից դուրս։ Ծովային հետևակայիններ չկան։ Ավտոշարասյուն չկա։ Ճանապարհները բաց են»։
Թրամփի վերջին հանրային ելույթը տեղի է ունեցել չորեքշաբթի, երբ նա ներկա էր ԱՄՆ Գերագույն դատարանում ծննդյան իրավունքով քաղաքացիության հետ կապված լսումներին և հանդես եկավ Իրանի մասին ելույթով։ Այս հանգստյան օրերին նա չի մեկնել Ֆլորիդա և, ինչպես ենթադրվում է, գտնվում է Սպիտակ տանը։ Շաբաթ օրվա նրա հանրային ժամանակացույցում նշված է եղել միայն «աշխատանքային ժամեր»։ Սպիտակ տունը հայտնել է, որ Վաշինգտոնի ժամանակով առավոտյան 11:08-ին «դադար» (lid) է հայտարարվել. տերմին, որն օգտագործվում է նշելու համար, որ այդ օրը նախագահից այլևս հանրային ելույթներ չեն սպասվում։
Ինչպես ընդգծում է լրատվամիջոցը, Թրամփի առողջական վիճակը քննարկման առարկա է դարձել այն պահից, երբ նա դարձավ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրած ամենատարեց մարդը։




















