top of page

«Փաստ». «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար

  • 2 hours ago
  • 2 min read


«Փաստ» թերթը գրում է. «Հեծանիվ հորինելու բան չկա. թե՛ փորձագետները, թե՛ քաղաքական շատ գործիչներ բազմիցս են նշել, որ առաջիկա ընտրություններում առաջնային նշանակություն է ստանալու ընդդիմադիր դաշտի պահվածքը: Խոսքը, հասկանալի է, իրապես ընդդիմադիր ուժերի մասին է, այն ուժերի, որոնք հստակ հայտարարում են, որ դեմ են փաշինյանական իշխանությանը:

Տեսեք, մի կողմում փաշինյանական իշխանությունն ու իր սատելիտ կուսակցություններն են: Այսինքն, այն ուժերը, որոնք ակնհայտորեն աշխատում են Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության վերարտադրության համար: Մյուս կողմում ընդդիմադիր ուժերն են կամ առնվազն ընդդիմադիր կեցվածքով հանդես եկողները, որոնք, դատելով առկա իրողություններից, առաջիկա ընտրություններում քիչ չեն լինելու: Լավ է դա, թե ոչ, մեկ այլ հարց է: Բայց նախանշվող իրողություն է:

Թե՛ հիմնական ընդդիմադիր ուժերը, թե՛ ընդդիմադիր դիրքավորվածները, բնականաբար, ասելու են (ասում են), թե պայքարում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության: Ասելու են (ասում են), որ պայքարում են իշխանության գալու համար: Դա քաղաքականության, ընտրությունների դեպքում բնական է, հասկանալի, օրինաչափ:

Բայց կարևոր հարց է ընդդիմադիր կանխատրամադրված ընտրողի կողմնորոշվելու հնարավորությունը: Ինչպե՞ս կողմնորոշվեն այս իշխանությանը մերժող ընտրողները:

Բնականաբար, կներկայացվեն ծրագրեր, մոտեցումներ, խոստումներ: Դրանք, իհարկե, շատ կարևոր են: Բայց, կարծում ենք, ընտրողների համար լրացուցիչ ու լավ կողմնորոշիչ դրսևորում, կարելի է ասել՝ ինքնատիպ «լակմուսի թուղթ» է լինելու այն, թե այս կամ այն ուժը, գործիչն իրեն ինչպես է պահում այլ ընդդիմադիրների հանդեպ:

Այսինքն, ո՞վ, ո՞ր ուժն է, որ փաշինյանական իշխանություններին «դատափետելուն» զուգահեռ իր պարտադիր պարտքն է համարում հարձակվել այլ ընդդիմադիրների վրա: Ո՞վ է կոչ անում այս կամ այն ընդդիմադիր ուժին չընտրել, այլ ոչ թե խոսում, օրինակ՝ իրեն ընտրելու մասին: Ո՞վ է փափագում, որ այս կամ այն ուժը չգրանցվի: Եվ այսպես շարունակ: Եվ երբ այդ ամեն ինչը յուրաքանչյուր ոք պարզապես ուսումնասիրի, կարծում ենք, իր համար շատ բան պարզ կլինի: Ավելին, ամեն մեկը կստանա իր՝ մի շարք հարցերի պատասխաններ:

Այնպես որ, կարծում ենք, ընդդիմադիր ուժերի և գործիչների՝ միմյանց նկատմամբ հրապարակային վերաբերմունքն ամենից հստակ «լակմուսի թուղթն» է լինելու հունիսի 7-ի առաջիկա ընտրություններում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2592
bottom of page