Մարտի 1-ի գործի քննությունը սկսվելու է զրոյից, իրավական որակումը փոխվելու է. դատախազ
![](https://static.wixstatic.com/media/d020f1_cdda48af858d42dcabaa25e9726e74d8~mv2.png/v1/fill/w_769,h_510,al_c,q_90,enc_auto/d020f1_cdda48af858d42dcabaa25e9726e74d8~mv2.png)
Բոլորին հայտնի են սույն գործով Սահմանադրական դատարանի ու Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումներն ու հստակ արձանագրվել է, որ այն դեպքերում, երբ արարքը պարունակում է Քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործության հատկանիշներ, մեղադրողն իրավասու է փոխել մեղսագրվող արարքի իրավաբանական գնահատականը, այլ կերպ ասած՝ իրավական որակումը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատախազ Հայկ Հովհաննիսյանը:
«Բնականաբար իրավական որակումը փոխվելու է, որոշում է ներկայացվելու դատարանին և մեղադրյալներին»,- ասաց նա:
Դատախազը նշեց, որ հավելյալ կասեն, թե ինչ հոդվածով է փոխվելու որակումը:
«Մարտի 1-ի գործի քննությունը սկսվելու է զրոյից, դեռ չենք հասել խափանման միջոցների հարցի քննությանը, դա էլ է սահմանված ընթացակարգով»,- ասաց գործով դատախազը:
Հիշեցնենք, որ վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը․ գործը բացվել է Հակակոռուպցիոն դատարանում։