Իշխան Սաղաթելյանը բոլոր տվյալներն ունի «Ալիևի երախտիք» պարգևին արժանանալու համար
- Investigative journalist

- Sep 22
- 1 min read

«Փաշինյանը իր վարած քաղաքականությամբ մինչև հիմա փորձում է լեգիտիմացնել Ալիևի քայլերն ու գործողությունները, լվանալ նրա արյունոտ ձեռքերը։ Նիկոլ Փաշինյանը պետք է բացահայտի, թե 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմից առաջ ինչ է խոսել Էրդողանի հետ», և վստահություն հայտնեց, որ «Փաշինյանը Էրդողանին երաշխիք է տվել, որ Արցախի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանը չի միջամտի»։
Այս ցնդաբանության հեղինակը, չեք զարմանա, մի ամբողջ՝ 134 տարեկան կուսակցության ԳՄ անդամ ու ՀՀ հարկատուների վճարած հարկերից աշխատավարձ ստացող Իշխան Սաղաթելյանն է։ Եվ սա ասում է մեկը, որի խմբակցությունն այսքան ժամանակ զբաղված է եղել և է Ադրբեջանի և ԼՂՀ հայաթափման գործում «օրթաղ» ՌԴ-ի երեսն ու մնացած մարմնամասերը լվանալ-սրբել-պսպղացնելով։ Թե՝ ՀՀ-ն Պրահայում 2022-ին ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, դրա համար էլ Ալիևը բռնել ու տիրոջ իրավունքով փակել է Լաչինի միջանցքը՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելով ԼՂՀ-ում։ Դե էն խեղճ ռուս խաղաղապահներն էլ «ինչ կարային, որ ինչ անեին»՝ ստիպված էին թույլ տալ, որ իրենց պատասխանատվության գոտի համարվող միջանցքը էկոլոգները փակեն։ Որոշ ժամանակ անց էլ նույն ադրբեջանցիները Հակարի կամրջի վրա ապօրինի անցակետ տեղադրեն, որտեղից էլ իրենց՝ խաղաղապահների աչքի առաջ առևանգվում էին ԼՂՀ քաղաքացիներ։ Այո, Փաշինյանն է մեղավորն ու պատասխանատուն, Ալիևն ու Պուտինը նրա որոշման… «զոհերն» են։ Ընդ որում՝ «անմեղ զոհերը»։ Կոնստրուկտիվ առաջարկ ունենք ԼՂՀ-ին պատուհասած աղետից հետո էլ իրենց «հալով չսթրվող» Իշխան Սաղաթելյանին ու հայաստանականներին՝ թող նամակով դիմեն ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինին ու խնդրեն միջնորդել Ալիևին, որ իրենց համապատասխան՝ «Ալիևի երախտիք» առաջին աստիճանի շքանշանով պարգևատրի։ Բա էսքան ջանքը որ թափում են, իզուր հո չի՞ կորչելու։
Ե. Ա.




















