Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանը 5330 հա հողատարածքը 49 տարով անհատույց տվել է իր և Հովիկ Աբրահամյանի ընկերությանը
- Investigative journalist

- 3 hours ago
- 2 min read

Կառավարության նախորդ նիստում ներառված չզեկուցվող հարցերից մեկով, որը վերաբերում էր Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելուն, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնվեց 13 հազար 268 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին կառավարության նիստում նշեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նա հակիրճ ներկայացրեց այդ որոշման նախապատմությունը. «Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել էր Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքները «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու փաստաթղթերը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ Արարատի նախկին մարզպետը (Ալիկ Սարգսյան), օգտագործելով պաշտոնեական դիրքը, իրավական ակտերի պահանջների խախտմամբ, պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքը 49 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամին (Վարդգես Մաթևոսյան), 2005-2007 թվականներին Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի (Հովիկ Աբրահամյան) վարորդին և Արարատի նախկին մարզպետին (Ալիկ Սարգսյան) պատկանող, շահույթ ստանալու նպատակով հիմնադրված «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը:
Նշեմ, որ 5330 հա մակերեսով հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 60 միլիարդ 553 միլիոն 218 հազար դրամ է:
Ուսումնասիրության արդյունքներով՝
Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Կադաստրի կոմիտեին՝ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության և Արարատի նախկին մարզպետի միջև 2006 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված պայմանագրի միակողմանի լուծման պետական գրանցում կատարելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա՝ 2025 թվականի սեպտեմբերի 19-ին կատարվել է նշված հողատարածքների անհատույց օգտագործման իրավունքի դադարեցման պետական գրանցում:
Դատախազը 2025 թվականի սեպտեմբերի 22-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: Հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ (Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) (3 դրվագ)):




















