top of page

Սերժ Սարգսյանը Սամվել Կարապետյանի հետ ունի լավ հարաբերություններ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 23
  • 4 min read
ree

«Պավիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը  ծանր է տարել, ինչպես և նրա մյուս ընդդիմադիր գործընկերները, նաև՝ ռուսաստանյան հայտնի շրջանակները՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ. Զախարովա և հայազգի ռուսաֆիլների հայտնի «անսամբլ»։ Տպավորություն է, թե իր կուսակցական ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք քաղաքական գործիչների նպատմամբ հետապնդումներ չէին իրականացվում, նրանց բանտեր չէին նստեցնում հատկապես այն դեպքերում և այն հայտարարություններից հետո, երբ դրվում էր ոչ լեգիտիմ, կեղծված ընտրությունների միջոցով իշխանությունն ուզուրպացրած նախագահի տարաժամկետ հեռացման հարցը։ «Սամվել Կարապետյանը  կալանավորվել է մի նախադասության համար, որը իրավական տեսանկյունից բնականաբար որևէ վտանգավորություն չէր ներկայացնում ՀՀ համար, այլև օրենսդրական տեսանկյունից որևէ առումով չուներ խոցելիություն»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավորը։ Պարոն Աբրահամյանը, ենթադրաբար, այնքան էլ լավ չի հիշում Սարգսյանի նախագահության օրոք ընդդիմադիր գործիչներին առաջադրված մեղադրանքների բնույթն ու էությունը, որոնք «իրավական սյուրռեալիզմի» բացառիկ նմուշներ էին։ Հիշեցնենք ընդամենը մեկ քրեական հետապնդման պատմություն. 2006 թ. դեկտեմբերին «Կամավորականների համախմբում» շարժման անդամ Վարդան Մալխասյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 301 հոդվածով՝ «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու հրապարակային կոչեր անելու համար»:  Այդ «կոչերը», որոնք Մալխասյանն արել էր կազմակերպության հավաքի ժամանակ, նախատեսում էին տուգանքից մինչև երեք տարվա ազատազրկում, սակայն ազատամարտիկին դատարանը դատապարտեց (https://www.azatutyun.am/a/1589894.html) 2 տարվա ազատազրկման։ Մալխասյանն այնուհետ դիմեց ՄԻԵԴ և արդարացվեց։  Այժմ, ուշադրություն, այն «կոչերը»,  նախադասությունները, որոնք Աբրահամյանի կուսղեկի օրոք գործած արդարադատության համակարգը համարել էր սահմանադրական կարգի տապալման կոչ։  Մալխասյանն ընդամենը արտասանել էր Տերյանի և Նալբանդյանի տողերը՝ «Այս դառն օրերի մթնում մահաբեր, Արնոտ խնջույքի այս սև զնդանում, Դավաճա՛ն է նա, ով լռում է դեռ, Մատնի՛չ է, ով իր սուրը չի հանում...», և՝ «Ներկա օրերում այլ ի՛նչ սև քնար, Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին.Արյո՛ւն ու կրա՛կ թշնամու վերա, Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին»։ Իրոք, սյուր է։


 Սամվել Կարապետյանի կալանավորման, ՀՀ նախկին իշխանության հետ ունեցած հարաբերությունների և հարակից այլ հարցերի վերաբերյալ մի քանի հարց ենք հղել  Տ. Աբրահամյանին։


- Պարոն Աբրահամյան,  երրորդ նախագահն ի՞նչ հարաբերություններ ունի Սամվել Կարապետյանի հետ՝ գործընկերայի՞ն, ընկերակա՞ն, բարեկամակա՞ն...


- Գիտեմ, որ ունեն շատ ջերմ  հարաբերություններ, երկա՜ր տարիների ծանոթության արդյունքում ձևավորված։ Նաև նրա, որ երկար տարիներ, որտեղ որ եղել է Սերժ Սարգսյանը՝ Արցախից մինչև ՀՀ, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ ողջ ընթացքում նաև Սամվել Կարապետյանն իր գործունեությունն է իրականացրել նաև որպես գործարար, բարերար, առնչությունը բավականին մեծ է եղել։


- Սամվել Կարապետյանին կալանավորելուց անց որոշ ՀՀԿ-ականների «դատապարտող» հայտարարություններից հետո շատերը հիշել էին 2015 թվականի իրադարձությունները, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր Սերժ Սարգսյանի հեռացումը պահանջում, ինչին ի պատասխան ՀՀԿ առաջնորդը, ՀՀԿ ակտիվը նախ, այսպես ասած, քաղաքականապես ու բարոյական առումով «փչացրին» ընդդիմադիր գործչին, հարկային տեռոր իրականացրին նրան պատկանող ընկերություններում, հետապնդումների ենթարկեցին նաև տարբեր ԲՀԿ-ականների։   Այդ ժամանակ է, որ գործին միջամտեց նույն Սամվել Կարապետյանն ու հաշտարարի առաքելությամբ ՀՀ եկավ։ Երբ դուք էիք իշխանության, փաստորեն ձեզ կարելի էր անել այն, ինչ վերը նկարագրեցի, ձեր պարագայում նորմալ էր,  իսկ այժմ, փաստորեն, դատապարտում եք  և աննորմալ համարում։


- Նախ ես զուգահեռ՝ որպես  պրոցես չէի դիտարկի, որովհետև Գագիկ Ծառուկյանը քաղաքական ուժի ղեկավար էր, որը ոչ միայն 2015 թվականին, այլև տևական ժամանակ բավական ակտիվ դիրքավորվում էր ընդդիմադիր դաշտում։ Հետագայում նաև նրա շուրջ որոշակի պրոցեսներ, նաև՝ մոբիլիզացիա էր տեղի ունենում։ Այդ ժամանակ թեման քաղաքական էր, հնչում էին քաղաքական գնահատականներ, նաև քաղաքական հակազդեցություն էր տեղի ունենում։ Հիմա Սամվել Կարապետյանը մեր դաշտում, հայաստանյան տիրույթում դիրքավորված է կամ որպես գործարար, կամ որպես բարեգործ, և ի սատարում Հայ առաքելական եկեղեցու հնչեցրած հայտարարությունը ես այս պահին  չեմ դիտարկում որպես  քաղաքական պրոցեսի ինչ-որ մաս։ Միգուցե հետագայում դա այդպես դառնա, բայց դրա մասին կարծես թե որևէ հայտարարություն չկա, հետագայում էլ միգուցե լինի կամ չլինի։ Բայց պրոցեսները ես այստեղ զուգահեռ հարթության մեջ չէի նայի։ Երկրորդը՝ երբ դուք ասում եք՝ 2015-ին եթե սա եղել է այսպիսի դրսևորմամբ, հիմա, գիտեք, դրանք համեմատելի չեն։ Նույնիսկ եթե համարենք, որ 10, 15, 20 տարի առաջ նման իրադարձություն է եղել, որը հանրային ընկալման տեսանկյունից կարող էր այլ կերպ դրսևորվել, արդյոք դա արդարացնո՞ւմ է այսօրվա իշխանությանը, ասելու, որ եթե 2015 թվականին սենց բան ա եղել, կարող ենք նույնը հիմա էլ անել։ Մի բան էլ՝ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջև այսօր էլ առկա հարաբերությունները ցույց են տալիս, որ այսօր դրա հիմքում չի եղել ահաբեկման էլեմենտ, չի եղել այնպիսի գործընթաց, որը կարող էր համեմատության մեջ դրվել այսօրվա իրադարձությունների հետ։ Իսկ Սամվել Կարապետյանի մասով արտահայտվել է ձևակերպում, որի հիմքում Եկեղեցու սատարումն  էր, և դրան անմիջապես հաջորդել են նրա ընկերությունների նկատմամբ հարձակումները, ընդհուպ մինչև ՀԷՑ-ի հետ կապված ազգայնացման ծրագրի մասին է խոսվում, սննդի տարբեր կետեր են փակվում, նրան տարան կալանավորման և այլն, և այլն... Այնպես որ, նախկինում տեղի ունեցածի և ներկա իրադարձությունների միջև համեմատական դժվար է տանել...


- Պարոն Աբրահամյան, ենթադրում եմ, որ Դուք այնքան էլ ուշադիր չեք հետևել 2015-ի իրադարձությունների խրոնոլոգիային։ Մասնավորապես,  երբ ձեր գործընկեր Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը  իրենց ելույթներով բարոյապես ոչնչացրին իրենց քաղաքական գործընկերոջը, Սերժ Սարգսյանն էլ նրան անվանեց «քաղաքական չարիք», «Դոդի Գագո», ասաց, որ ըստ օդում կախված լուրերի՝ Ծառուկյանը տարիներ շարունակ պետությանը չի վճարել հարկեր և այլն...


- Իհարկե, այդ օրերին բազմաթիվ հայտարարություններ են հնչել, հայտարարություններ հնչեցին նաև ԲՀԿ-ի կողմից, նաև այն ուժերի, որոնք համախմբված էին դրա շուրջ... Այսինքն՝ կային հայտարարություններ, որոնք բավականին սուր էին և ՀՀԿ-ի ու քաղաքական իշխանության նկատմամբ էին։ Դուք իհարկե մեջբերում եք այն հայտարարությունները, որոնք ՀՀԿ-ից են արվել, բայց այդ օրերին նաև հակառակ կողմից են հայտարարություններ արվել...


- Իշխանությունը դուք էիք...  

- Հիմա միշտ լինում է իշխանություն և ընդդիմություն։ Խնդիրն այն է, թե արդյոք թեման դո՞ւրս է գալիս քաղաքական դրսևորումների տեսանկյունից, թե՞ ոչ, իսկ այդ իրավիճակում դա քաղաքական պրոցեսների տիրույթից դուրս չեկավ։  


- Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հարաբերություններն այսօր ի՞նչ բնույթի են։  


- Շատ նորմալ։   


- Վրաստանի նախկին նախագահներ Միխեիլ Սաակաշվիլիի և նրան հաջորդած  ռուսաստանաբնակ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի  մասին էր ձեր գործընկեր «Հայաստան»-ական  Աղվան Վարդանյանը հիշել. ի՞նչ եք կարծում, արդյոք Սամվել Կարապետյանի ակտիվացման  միջոցով մեր դաշնակից պետությունը փորձում է ՀՀ-ում գործի դնել «Իվանիշվիլի 2» օպերացիա՞ն։


- Չեմ կարող ասել, գնահատական հնչեցնել, հատկապես, որ իրադարձությունների հետագա բնույթը կախված կլինի նրանից, թե Սամվել Կարապետյանը ստեղծված իրավիճակում ինչ ճանապարհով է շարժվելու։  Քանի որ չեմ տիրապետում այդ ճանապարհին, բնականաբար, այստեղ որևէ մեկնաբանություն չեմ կարող անել։


Հեղինե Մանուկյան  

 
 
bottom of page