top of page

Շիրակի մարզպետն այցելել է Ամասիա համայնքի 6 բնակավայրեր

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 18
  • 2 min read
ree

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը համայնքային այցելությունների շրջանակում հոկտեմբերի եղել է Ամասիա համայնքի 6 բնակավայրերում՝ Ողջիում, Մեղրաշատում, Բյուրակնում, Գտաշենում, Արեգնադեմում և Ջրաձորում։


Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների և Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ սկզբում այցելել է Ողջի։ 


Ողջիի բնակիչները երկու օր առաջ Ամասիայում մարզպետի հետ հասցրել էին հանդիպել և ներկայացնել ջրի հետ կապված խնդիրը, որի լուծման համար մարզպետը հանձնարարականներ էր տվել պատասխանատու կառույցներին, բնակիչներն այսօր տեղեկացրել են, որ խնդիրն արդեն լուծված է, մնում է մի քանի ընտանիքի հարց, որն առաջիկայում լուծվելու է։ Ողջեցիները Դավիթ Առուշանյանին են ներկայացրել նաև բնակավայրի մի քանի ընտանիքների գազաֆիկացման հարցը։ Մարզպետը խոստացել է խնդիրը քննարկել և գտնել հարցի լուծման օպտիմալ տարբերակ։


«Այցելությունների նպատակը տեղում մեր բնակիչներին հանդիպելն ու անմիջականորեն խնդիրների մասին նրանցից լսելն է, ձեր հոգսերը ձեզ հետ քննարկելով՝ կկարողանանք լուծել ամենաօպտիմալ տարբերակով։ Մենք պատրաստ ենք լիազորությունների և հնարավորությունների սահմանում անել հնարավորը՝ նեցուկ լինելու և բարձրացված խնդիրները քայլ-քայլ լուծելու համար»,- հանդիպումների ժամանակ նշել է Շիրակի մարզպետը։


Ըստ աղբյուրի՝ պատասխանատուների հաջորդ կանգառը եղել է Մեղրաշատ բնակավայրում։ Այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ։ Մարզպետի հետ զրույցում դժգոհել են ճանապարհների վիճակից, միաժամանակ գոհունակությամբ փաստել, որ համայնքը պետության հետ համագործակցությամբ այս տարի փողոցային լուսավորություն է անցկացրել բնակավայրում, մինչ այդ էլ սուբվենցիոն ծրագրով ֆոտովոլտային կայան էր տեղադրվել։ Մարզպետը եղել է նաև բնակավայրի դպրոցում, զրուցել աշխատակիցների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերը։


«Անելիքներ դեռ շատ ունենք և բոլոր բնակավայրերում, ուրախալին այն է, որ անցած տարիներին պետությունն ու համայնքները համագործակցության արդյունքում տարիներով կուտակված բազմաթիվ հոգսեր են թեթևացրել, սուբվենցիոն ծրագրերը համայնքների համար մեծ աջակցություն են»,- ընդգծել է մարզպետը։


Նշվում է, որ Բյուրակնում բնակիչները մարզպետի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են խմելու ջրի և գազաֆիկացման հարցերը։ 2025-ին Բյուրակնում ևս սուբվենցիոն ծրագրով փողոցային լուսավորության անցկացման աշխատանքներ են իրականացվել։ Համայնքապետը մարզպետին տեղեկացրել է, որ 2026-ին նախատեսվում է սուբվենցիոն ծրագրով գազաֆիկացման աշխատանքների իրականացում։ Բնակավայրում 1 մլրդ 678 մլն 714 հազար դրամի շրջանակներում ընթացքի մեջ են կրթահամալիրի կառուցման աշխատանքները։ Մարզպետը զրուցել է շինարարի հետ, կարևորել աշխատանքները որակով և ժամկետներում իրականացնելը։


Հաջորդ կանգառը եղել է Գտաշենում, լեռնային այս գյուղը մարզկենտրոնից 20 կմ հեռավորության վրա է գտնվում։ Մարզպետը եղել է դպրոցում, որից հետո հանդիպել բնակիչներին, ովքեր մտահոգություն են հայտնել ճանապարհների վերանորոգման, գյուղական կամրջի հիմնանորոգման ու տրանսպորտի աշխատանքի բարելավման առումով։ 2019-ին բնակավայրում սուբվենցիոն ծրագրով ֆոտովոլտային և հակակարկտային կայաններ են տեղադրվել, այս տարի անցկացվել՝ փողոցային լուսավորություն։ 


Այնուհետև Դավիթ Առուշանյանն այցելել է Արեգնադեմ բնակավայր։ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցի մոդուլային շենքի կառուցում» ծրագրով պետբյուջեից հատկացված 747 մլն 566 հազար դրամ գումարի շրջանակներում այստեղ կառուցվել և արդեն գործում է նոր դպրոցը, բնակավայրում սուբվենցիոն ծրագրերով տեղադրվել են ֆոտովոլտային և հակակարկտային կայաններ, 2025-ի սուբվենցիոն ծրագրով էլ անցկացվել է փողոցային լուսավորություն։ Բնակիչները մարզպետի հետ զրույցում կարևորել են բնակավայրի գազաֆիկացումը։


Համայնքային այցելության շրջանակներում, մարզպետն ու համայնքի ղեկավարը եղել են նաև Ջրաձոր բնակավայրում, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները, որոնք վերաբերել են գյուղի տեղափոխմանն ու նոր գյուղ կառուցելու պետական ծրագրի իրականացմանը։ Այցելություն է եղել նաև բնակավայրի դպրոց։

 
 
1/2438
bottom of page