Կձևավորվի կրթություն-բիզնես համագործակցության համապարփակ և հնարավորություն ընձեռող շրջանակ
- Investigative journalist
- 1 day ago
- 1 min read

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Գործադիրն ընդունել է որոշում՝ ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ լուծելու նպատակով: Այն կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գործատուների ներգրավմանը և սոցիալական գործընկերության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և որակավորումների փոխճանաչմանը: Արդյունքում՝ կձևավորվի կրթություն-բիզնես համագործակցության համապարփակ և հնարավորություն ընձեռող շրջանակ՝ ապահովելով գործատուների իրական մասնակցությունը կրթական գործընթացի բոլոր փուլերին՝ դրանով իսկ երաշխավորելով կրթական վերջնարդյունքների համապատասխանությունը աշխատաշուկայի կարիքներին։
Որոշմամբ նախատեսվել է կրթական ծրագրի իրականացումն արտոնելու երկաստիճան համակարգ՝ մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորում և յուրաքանչյուր որակավորման լիցենզավորում։
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոշումը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումների հերթական քայլն է: Ժաննա Անդրեասյանը կարևորել է լիցենզավորման կարգի այն փոփոխությունները, որոնք ուղղված են մասնավորի հետ համագործակցությանը:
Մասնավորապես՝ լիցենզավորման կարգում առանձին կարգավորումներ են դրվում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության պայմանների պարագայում լիցենզավորման չափանիշների ուղղությամբ, ինչպես նաև կարևոր ճկունություն է հիմնական աշխատակազմի համամասնության նվազեցումը մինչև 30%: Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ սա հնարավորություն է տալու, որ քոլեջները շատ ավելի ակտիվորեն ներգրավեն մասնավոր ոլորտում աշխատող մասնագետներին, որոնք ունեն պրակտիկ հմտություններ և գիտելիք, ինչը կարևոր է այս ոլորտի կրթության փոխանցման ընթացքում: