«Անկախության հռչակագիրը ողջ ծավալով երբեք չի եղել Սահմանադրության մաս». ՍԴ նախագահը հայտարարեց՝ հռչակագիրը կարող է չեղարկել միայն ժողովուրդը
Խաղաղության պայմանագիրը կարող է հակասել Սահմանադրությանը, Սահմանադրությունը չի կարող հակասել որևէ միջազգային պայմանագրի. այս մասին լրագրողներին տված ճեպազրույցում ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։
Ըստ նրա՝ հակասություն տեսնելու պարագայում արձանագրվում է, որ պայմանագրում ամրագրված որևէ պարտավորություն հակասում է Սահմանդրությանը և այդտեղ ընդհատվում է վավերացման գործընթացը։
Իսկ հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է սահմանադրական փոփոխություն՝ պայմանագրի ստորագումից հետո, Արման Դիլանյանը պատասխանեց, որ սահմանդրական փոփոխությունը քաղաքական գործընթաց է․։ «Ես ամեն ինչ եմ հնարավոր համարում, տեսականորեն ամեն ինչ հնարավոր է»։
Իսկ թե անձամբ ինքը կո՞ղմ է Ադրբեջանի պահանջները հաշվի առնելով՝ Սահմանադրության փոփոխությանը՝ ասաց, որ ՍԴ դատավորներին հարցը տալը տեղին չէ, որովհետև գործող Սահմանադրությունը ՍԴ դատավորների համար իդեալական փաստաթուղթ է։
Անդրադառնալով ՍԴ որոշման առնչությամբ հնչող քննադատություններին, նաև ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կողմից գրված հատուկ կարծիքին, որ ՍԴ դատավորների որևէ կազմ չի կարող խժռել Անկախության հռչակագիրը՝ Դիլանյանն ասաց, որ ոչ մեկ չի կարող չեղարկել Անկախության հռչակագիրը։
«Կա մի սուբյեկտ, որը կարող է չեղարկել՝ ժողովուրդն է։ Միայն ժողովուրդը կարող է չեղարկել Անկախության հռչակագիրը»,-ասաց նա։
Դիտարկմանը, որ գուցե ՍԴ-ն չի չեղարկել Անկախության հռչակագիրը, սակայն այդ որոշմամբ, այնուամենայնիվ, զրկել է իրավական ուժից՝ Դիլանյանը պարզաբանեց․ «Սահմանադրական դատարանն ասել է մի բան, որը գոյություն է ունեցել 30 տարի, նոր բան ՍԴ-ն չի ասել։ 30 տարի Սահմանադրությունն ընկալվել է որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ և Անկախության հռչակագիրը ողջ ծավալով երբեք չի եղել Սահմանադրության մաս։ Եթե նայեք Անկախության հռչակագիրը և տեսնեք Սահմանադրությունը և բովանդակային առումով համեմատեք, փորձեք դրանք նույն իրավական հարթության մեջ դնել, ես չեմ պատկերացնում, թե ինչպես եք այդ հակասությունները լուծելու։ Ողջ 30 տարում ոչ մեկի մոտ այդպիսի տպավորություն չի եղել, պարզապես, մենք առաջին անգամ խորությամբ ուսումնասիրեցինք խնդիրը և արձանագրեցինք գոյություն ունեցող իրողությունը, նոր բան ՍԴ-ն չի ասել»։