Մարտուն Գրիգորյանի շոուն տապալվեց՝ «Մեր քաղաքը» խմբակցության ավագանու «փոշմանած» անդամին կփոխարինի ՀՀԿ-ականը
- Investigative journalist
- May 7
- 3 min read
Գյումրի համայնքի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանի լիազորությունները դադարեցվել են։ Այս մասին civic.am-ին փոխանցեցին ԿԸՀ-ից։ «Երեկ ժամը 18․00-ին թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել այդ օրակարգով և ավագանու անդամի մանդատը փոխանցվել է «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ անդամին՝ Նարեկ Միրզոյանին»,-հայտնեցին ԿԸՀ-ից։ Նկատենք, որ Կարեն Բադալյանը վարչական հայց է ներկայացրել դատարան և պահանջում է Գյումրիի համանքապետարանից անվավեր ճանաչել 22.04.2025թ. թիվ 15 արձանագրությունը՝ հայցվորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Այս մասին մեր դիտարկմանն ի պատասխան ԿԸՀ-ից ձեռնպահ մնացին մեկնաբանություն տալ՝ վերահաստատելով՝ թիվ 31 ԸԸՀ-ն օրենքով նախատեսված կարգով նիստ է գումարել, քանի որ արձանագրություն էր ստացել Գյումրիի համայնքապետի ստորագրությամբ։ «Դրա հիման վրա մանդատը փոխանցվել է քաղաքական ուժի ընտրական ցուցակի հաջորդ համարին։ Թե հետագայում դատական գործընթացը ինչ ելք կունենա, այդ հարցը մեր իրավասություններից դուրս է։ Ձեռնպահ կմնանք իրավական գործընթացի վերաբերյալ մեկնաբանություն տալ»,-հայտնեցին ԿԸՀ-ից։
Նշենք, որ երեկ ԱԺ-ում «Մեր քաղաքը» դաշինքը գլխավորած և Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձրած, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում դավադրապաշտության տեսության ոճով հայտարարություններ է արել՝ նշելով, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է ավագանու անդամ «գողանալ» իրենցից և այսպիսով խլել իշխանությունը Գյումրիում։ Նա մի սրտաճմլիկ պատմություն պատմեց, թե՝ Կարեն ԲԱդալյանը, որն, ի դեպ, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության անդամ է, դիմում է գրել մանդատը վայր դնելու վերաբերյալ՝ որպես պատճառ նշելով այլ աշխատանքի անցնելը։ Երկու օր անց, սակայն, Բադալյանը փոշմանել է՝ նոր դիմում է ներկայացրեց, որով առաջարկել է անտեսել մանդատը վայր դնելու մասին իր դիմումը, միաժամանակ նշել, թե մտադիր է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից։ Եթե Բադալյանը նման բան աներ, փաստորեն, «Մեր քաղաքը» ավագանու մեկ մանդատի կորուստ կունենար։ «Բավականին երկար ժամանակ ես խոսել եմ Կարենի հետ, բացատրել, նույնիսկ համոզել եմ, որ ընդհանուր պայքար է, մանդատը վայր դնելը այս պահին ճիշտ չէ, բայց Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ: Ի վերջո, մենք մտել ենք իր դրության մեջ, բայց այդ ժամանակ մենք ընկալել ենք որպես անձնական աշխատանքի անցնելու խնդիր, հարգել ենք որոշումը: Գրությունը փոխանցվել է քաղաքապետարան, քաղաքապետը հաջորդ օրն արձանագրություն է կազմել և ուղարկել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ու այդ պահից նա արդեն համարվում էր մանդատ չունեցող անձ»,-հայտարարել է Գրիգորյանը։ Նա միաժամանակ հավելել է, թե «մինչև օրս Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել։ Պատգամավորի խոսքով․ «Չենք կաողանում հասկանալ՝ պատճառը որն է: Բացի դրանից, մենք իմանում ենք, որ երբ դիմել է մանդատը հետ ուզելու, դրանից հետո 2-րդ նամակն է ուղարկել քաղաքապետարան, որով տեղեկացրել է, որ ցանկություն ունի դուրս գալու «Մեր քաղաքը» խմբակցությունից: Մի քանի օր անց արդեն տեղեկանում ենք, որ դատարան է դիմել, որպեսզի մանդատը վերականգնի կամ բողոքարկի քաղաքապետի արձանագրությունը»: Հարցին՝ ՔՊ-ի և իշխանության դերակատարումն այս ամենում ինքը տեսնո՞ւմ է՝ Գյումրիի այդպես էլ չընտրված քաղաքապետը պատասխանել է. «Իմ գնահատմամբ, այս պահի դրությամբ, այո, կա խնդիր, նա ինձ հետ անձամբ խոսելուց հետո համոզել է, որ դուրս գա, հիմա ես կարող եմ վերլուծություն անել այս ամեն ինչից, որ ՔՊ-ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսել Գյումրիում եղածը, և այս ամենը ես կարծում եմ դրա հետևանք է: Սա կարելի է համարել առաջին քայլը. Եթե մենք չկարողանանք այս ամեն ինչը պահել, իմ գնահատմամբ սա ժամանակի վրա խաղալ է, քանի որ դիմել են դատարան»:
Նշենք, որ երեկ Գրիգորյանին միացել էր նաև «Հայրենիք» կուսակցության ագիտպրոպտն ու փորձում էր իրենց անդամի անկայուն, փոփոխական որոշումների հետևում տեսնել «իշխանության ականջները», բայց, ինչպես ասում են, շոուն չստացվեց, ավելին՝ ձախողվեց։ «Մեր քաղաքը» խմբակցությունը համալրվելու է ավագանու նոր անդամով, որը, նկատենք, 2022-ից ՀՀԿ խորհրդի անդամ է, 2021-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ եղել է Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ Ախուրյան շրջանային կազմակերպության կազմակերպիչ է, դասախոս։ Ավելին՝ 2018թ.-ին պարգևատրվել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի պատվոգրով:
Հուսանք՝ ավագանու այս նորաթուխ անդամը մանդատը դնել-պահելու հետ կապված որոշումներում կայունություն կցուցաբերի, Մարտուն Գրիգորյանին անհարմար դրության մեջ չի դնի՝ ստիպելով ընկնել երևակայության գիրկն ու անհեթեթ մեղադրանքներ հնչեցնել ՔՊ-ի հասցեին։ Ի դեպ, Մարտուն Գրիգորյանի որդու, հոր վերաբերյալ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այս ամսվա սկզբին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, որպեսզի հաստատի մեղադրական եզրակացությունը և այն ուղարկի դատարան»։ Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, նույնպես ավագանու անդամ է՝ ի տարբերություն հոր՝ նա մանդատը վայր դնելու որոշում չկայացրեց։
Հարկ է նկատել, որ երեկվանից Կարեն Բադալյանը թիրախավորվել է և նրա դեմ ֆեյսբուքյան նողկալի արշավ է սկսվել Գրիգորյանի համակիրների կողմից։ Բադալյանին մեղադրում են «դավաճանի գիծն» ընտրելու, «իր ձայնը թուրք ՔՊ-ին վաճառելու», իրեն «վերջին տուֆտա գյադու պես պահելու» մեջ։
Հ․Մ․