Պուտինը եկել է այս այգի՝ սպանելու․ Զելենսկին՝ Թրամփին, ով ռուս-ուկրաինական պատերազմը համեմատել է մանկական ծեծկռտուքի հետ
- Investigative journalist
- Jun 7
- 2 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը ռուս-ուկրաինական պատերազմը համեմատել է մանկական ծեծկռտուքի հետ։
Զելենսկիին հարցրել են, թե, իր կարծիքով, արդյոք Թրամփը հասկանո՞ւմ է Ուկրաինայում տառապանքների մասշտաբը՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահի վերջին արտահայտությունները։ Հունիսի 5-ին Թրամփը հայտարարել էր, որ ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին «ատում են» միմյանց և նրանց պահվածքը համեմատել էր զբոսայգում երկու երեխաների ծեծկռտուքի հետ։
«Երբեմն տեսնում եք, թե ինչպես են երկու երեխա խելագարի պես իրար ծեծում։ Նրանք ատում են միմյանց և կռվում են զբոսայգում, իսկ դուք փորձում եք նրանց բաժանել։ Նրանք չեն ուզում, որ իրենց բաժանեն, երբեմն ձեզ համար ավելի լավ է թողնել, որ նրանք ևս որոշ ժամանակ կռվեն, իսկ հետո բաժանել», - այն ժամանակ ասել էր Թրամփը։
«Ես ու Պուտինը զբոսայգու խաղահրապարակում երեխաներ չենք։ Նա [Պուտինը] մարդասպան է, որը եկել է այս այգի՝ երեխաներին սպանելու», - պատասխանել է Ուկրաինայի նախագահը։ Ըստ նրա, Թրամփը չի կարող լիովին զգալ և հասկանալ ուկրաինացիների ցավը։
«Խնդիրը նախագահ Թրամփը չէ, այլ ցանկացած մարդ, որն այստեղ չէ, երկրում, [նրանք, ովքեր գտնվում են] հազարավոր մղոններ հեռու, չեն կարող լիովին զգալ և հասկանալ այս ցավը», - հավելել է Զելենսկին։
Կրեմլում հունիսի 6-ին արձագանքել են պատերազմը մանկական ծեծկռտուքի հետ համեմատելուն։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն կարծում, թե Թրամփը, օգտագործելով այս համեմատությունը, փորձել է հրաժարվել իր միջնորդական առաքելությունից։
«Անշուշտ, ԱՄՆ նախագահը կարող է իր տեսակետն ունենալ կատարվողի վերաբերյալ։ Մեզ համար սա էկզիստենցիալ հարց է, սա մեր ազգային շահերի հարցն է, մեր անվտանգության, մեր և մեր երեխաների ապագայի, մեր երկրի ապագայի հարցն է», - հավելել է Պեսկովը։
ԱՄՆ-ն փետրվարի կեսերին առանձին բանակցություններ է սկսել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ երկրների միջև պատերազմի ավարտի շուրջ, սակայն առայժմ այդպես էլ հրադադարի չի հասել։ Թրամփը և ամերիկացի այլ պաշտոնյաներ բազմիցս սպառնացել են դուրս գալ բանակցություններից կամ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, ինչպես նաև ճնշում գործադրել երկու պատերազմող երկրների վրա, եթե առաջընթաց չտեսնեն։