Եվրախորհրդարանը պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացում. Եվրախորհրդարանի փոխնախագահի
- Investigative journalist

- 3 hours ago
- 1 min read

Եվրախորհրդարանը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում այս մասին ասաց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարջին` խոսելով Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի անունից։
Նրա խոսքով՝ Հայաստանի վերջին որոշումները ցույց են տալիս երկրի հստակ ընտրությունը դեպի եվրոպական ընտանիք։
«Հայաստանի որոշումները, հատկապես վերջերս ընդունվածները, չափազանց կարևոր են։ Հայաստանը պատմական օրենք է ընդունել, որով հստակ և հզոր ուղերձ է հղել՝ հայտարարելով, որ տեսնում է իր ապագան Եվրոպայի կազմում։ Սա պարզապես խորհրդանշական ժեստ չէ, այլ ռազմավարական ընտրություն է՝ միանալու Եվրոպական ժողովրդավարության ընտանիքին։ Եվրոպական խորհրդարանը պատրաստ է աջակցել Հայաստանին այս պատմական ճանապարհին, եթե որոշեք պաշտոնապես ներկայացնել ձեր թեկնածությունը ԵՄ անդամակցության համար»,-ասաց Օմարջին։
Նա նշեց, որ Հայաստանի եվրոպական ուղղությունը համապատասխանում է ԵՄ-ի և Հայաստանի միջև ձևավորված գործնական համագործակցությանը։
«Բացի քաղաքական հայտարարություններից, կա նաև իրական, շոշափելի գործընկերություն՝ հատկապես տնտեսության և Արևելյան գործընկերության ներդրումային ծրագրերի շրջանակում։ Մենք մեր ջանքերը մեկտեղում ենք՝ ստեղծելու նոր աշխատատեղեր, ժամանակակից ենթակառուցվածքներ և նոր հնարավորություններ երիտասարդ հայերի համար։ Երբ Եվրոպական միությունը և Հայաստանը միասին են առաջ շարժվում, կարող են կերտել ավելի բարգավաճ և արդար ապագա բոլորի համար»,-ընդգծեց Օմարջին։
2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանն օրենք է ընդունել Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։




















