top of page

Չանցումային վարչապետացուն կամ՝ Սամվել Տաշիրցին, как не крути, չի կարող լինել թեկնածու

  • 10h
  • 3 min read


Անցումային, չանցումային, անցումային, չանցումային․․․



Ռուսաստանի, Կիպրոսի ու նաև ՀՀ քաղաքացի Սամվել Կարապետյանը, պարզվում է, «Ուժեղ Հայաստան»-ի ոչ թե անցումային, այլ չանցումային վարչապետացուն է։ Պարզվեց՝ «ուժեղները» հունիսի 7-ի ընտրություններին  նրա դեմքով չեն մասնակցելու՝ որպես ընտրական ցուցակի առաջին համար։



Հիշեցնենք, ընդամենը օրերս նորահայտ այս խմբակը հուժկու տոնով ազդարարեց, թե «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի իրենց թեկնածուն Սահմանադրության հետ խնդիր ունեցող Սամվել Կարապետյանն է։ Բայց որպեսզի նա իրագործի ՀՀ վարչապետ դառնալու իր ամբիցիաները, պետք է հրաշք տեղի ունենա՝ ուժեղ-ձևիստները «Մարիո» խաղի  մարդուկի պես պետք է գլխով աղյուսներ ջարդեն՝ մի շարք սահմանադրա-իրավական «լևլներ» հաղթահարելով։ Այն է՝ հերիք չի անցնեն խորհրդարան, դեռ խորհրդարանում էլ կարողանան մեծամասնություն ձևավորել,  հետո նոր անցնեն ՀՀ Սահմանադրության «պերեդելկային»՝ այն սազեցնելով Կարապետյանի  «կոմպլեկցիային»։ Եվ եթե ամեն ինչ ըստ իրենց գծած պլանի գնա, ֆորսմաժորներ տեղի չունենան, չանցումային վարչապետացուն՝ գիրուկ մարդուկի վերաճած Մարիոյի  տեսքով, կդառնա անցումային, այսինքն՝ Սամվել Կարապետյանն ու վարչապետի պաշտոնը կգրկեն իրար, ինչպես Մարիոն ու արքայադուստրը հայտնի համակարգչային խաղում։     



Իսկ նախքան այդ Սամվել Տաշիրցու վարչապետական ամբիցիաները սպասարկելու համար «ուժեղների» ցուցակը կգլխավորի հանրապետության թիվ մեկ «ձևիստը»՝ Նարեկ Կարապետյանը, ու կհամակարգի բարեգործ հորեղբոր դեմքով ընտրողներին շահագրգռելու, նրանց ոսկե սարեր, պեչենու ծառեր  խոստանալու, թևների տակ էլ ձմերուկ, ինչու չէ՝ նաև տանձ, խնձոր, մանդարին դնելու ու «շուտով կգա նոր տարին» հավաստիացնելու աշխատանքը։



Ի դեպ, անցումային բառը, որը, փաստորեն, այժմ էլ հոլովվելու է հերթական քաղաքական պրոյեկտի՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողքին, հանրության շրջանում բացասական ասոցիացիաներ է հարուցում, նույնացվում մի բանի հետ, որը չլինող-չիրագործվող է՝ խայտառակության ելքով։ Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, երբ փողոցում եռում էր Հայրենիքի փրկության շարժումն ու պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նորից անցումային բառն էր հոլովվում։ Անցումային կառավարության ու վարչապետի թեկնածուն այդ օրերին  Վազգեն Մանուկյանն էր, որն, ինչպես նաև հիշյալ շարժումը կարճ ժամանակ անց անցան պատմության գիրկը։ Նրանց անանցանելի ցանկությունը՝ տուն չգնալ, քանի դեռ տուն չեն ուղարկել ժողովրդի կողմից վերընտրված Նիկոլ Փաշինյանին, նորից օրակարգային դարձավ 2022-ի Դիմադրության շարժման օրերին։ Անցումային վարչապետացուի անունն այդ շրջանում շարժմանը միացած քաղաքական ուժերն ու դեմքերը թեև ռիսկ չէին անում հոլովել, սակայն ակնհայտ էր, որ պոտենցիալ վարչապետացուի կարգավիճակում Ռոբերտ Քոչարյանն էր։ Այդ շարժումն էլ, յուր պոտենցիալ թեկնածուով, փողոցում մի քանի ամիս թրև գալուց, «Զարթնիր լաո» քոքելուց հետո խայտառակ պարտություն կրեց։ Շարժմանը միացած քաղուժերից մի քանիսը «սեփական խոդով» տուն վերադարձան՝ վայր դնելով իրենց մանդատները, մյուս մասն էլ անցան իրենց հին գործին՝ ԱԺ-ում  ամբիոն դղրդացնելուն ու միկրոֆոն ծռելուն։  Ժողովրդի իշխանությունն ամեն կերպ ճանկելու մոլուցքը, սակայն, չէր կարող երկար ժամանակ սսկված մնալ։ Շուտով փողոց ու հրապարակ դուրս եկավ «Իսկանդե՜րը», ներողություն՝ արքեպիսկոպոսը՝ Տավուշի թեմից, ու առաջնորդելով սրբազան շարժումը՝ կարգվեց անցումային վարչապետի թեկնածու։  Ճակատագրի հեգնանքով այս՝ չկայացած  վարչապետացուն էլ բախվեց ճիշտ նույն խնդրին, ինչ Սամվել Տաշիրցին՝ երկքաղաքացիության։ Բագրատ Գալստանյանը Կանադայի քաղաքացի էր  և չէր կարող առաջադրվել փափագելի պաշտոնում։  Ի դեպ, առաջին անգամ Սահմանադրությունը հոգևորականի ֆիգուրային սազեցնելու մասին խոսվեց հենց այդ օրերին։  «Հիմա որ ժողովուրդը որոշեց Սահմանադրության մեջ ներկայություն ունենալ ու երկքաղաքացի մարդուն ասել՝ ինքն էլ կարող է լինել, ձեր ինչ գործն է, դուք պիտի ընդդիմանա՞ք»,-այդ օրերին ազդարարել էր Գալստանյանն ու թեկնածու առաջադրվելու հանգամանքով պայմանավորված ընդհուպ սառեցրել իր  հոգևոր 30-ամյա ծառայությունը։  Թե ինչպես դասավորվեցին այդ շարժման գործերն ու որտեղ հետո հայտնվեց վարչապետի այս՝ հերթական  անցումային թեկնածուն՝ հանրությունը քաջատեղյակ է։ Փաստորեն, անցումային (թե՞ չանցումային)  վարչապետացուի կարգավիճակով իշխանափոխություն անելու ռիսկին այժմ բախվելու է Կարապետյան ընտանիքը։ Սպասենք, տեսնենք։ Ինչ-որ բան հուշում է, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վերջ են դնելու մեր երկրում անցումային վարչապետացուների էպոխային։ Ժողովուրդն իր քվեարկությամբ «հողանցելու» է բոլոր տեսակի, ռանգի, գործուղված, գործարկված և նոր գործարկվելիք խմբակներին, որոնց նպատակը ոչ թե իրեն՝ ժողովրդին ծառայելն է, այլ պետությունը խմբային կամ խմբակային շահերին ծառայեցնելը։ Պետությունը, կներեք, պետք չէ շփոթել «Տաշիր» ընկերությունների խմբի հետ։    




Հեղինե Մանուկյան 

 
 
1/2545
bottom of page