top of page

ՀՀԿ-ի խեղված արժեհամակարգը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 12
  • 3 min read

Սերժ Սարգսյանի թիմակից, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանում դեռևս 1996 թվականից կիրառվել են «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաներ։

 

«Տեղեկացվածներն ու հետազոտողները գիտեն, որ«գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաների կիրառման առաջինփորձարկումը եղել է Հայաստանում՝ 1996-ինախագահական ընտրության ժամանակ: Խնդիրընախագահ Տեր-Պետրոսյանի հեռացումը չէր, խնդիրը տեխնոլոգիաների փորձարկումն էր, որըհետագայում հաջողությամբ իրականացվել էՍերբիայում, Վրաստանում, Ուկրաինայում, հյուսիսաֆրիկյան ու մերձավորարևելյաներկրներում, ի վերջո՝ 2018-ին Հայաստանում»,- գրել է նախկին պատգամավորը։

 

Նկատենք, որ 1996 թվականին էր, որ առաջին անգամ ընտրություններից հետո ընդդիմությունը դուրս եկավ փողոց՝ իշխանություններին մեղադրելով ընտրությունները կեղծելու մեջ։ Իսկ ընդդիմության այդ ժամանակվա առաջնորդը Վազգեն Մանուկյանն էր։ Այն Վազգեն Մանուկյանը, որին ՀՀԿ-ն իր ողջ ռեսուրսով աջակցում էր 2021 թվականին և մի շարք այլ քաղաքական ուժերի ու այդպիսին իրենց հռչակած գոյություն ունեցող անհասկանալի ձևավորումների հետ առաջադրել որպես վարչապետի միասնական թեկնածու։ Փաստորեն ՀՀԿ-ում կային գործիչներ, որոնք կարծում էին, որ այդ թեկնածուն Հայաստանում «գունավոր հեղափոխություններ» հրահրած կամ այդպիսի հրահրումներին աջակցած, կամ այդօրինակ երևույթներ հրահրողների ձեռքին որպես գործիք ծառայած մեկն է։ Այսինքն՝ ավելի ուղիղ ասած՝ օտարերկրյա գործակալ կամ ազդեցության գործակալ կամ, նվազագույնը, օտարերկրյա հատուկ ծառայությունների համար որպես  «օգտակար ապուշ» ծառայած մեկը։ Այսինքն՝ ՀՀԿ-ում առանձնապես չեն խորանում, չեն մանրանում, թե ում կարող են բերել իշխանության․ կարևորը իրենց մարդը լինի։   

 

Հիմա, հիշեցնենք, ՀՀԿ-ն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է ցանկանում նախաձեռնել, ու հայտարարել են, որ վարչապետի թեկնածուն Մասիսի ՀՀԿ-ական տխրահռչակ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է։ Այն, որ ՀՀԿ-ում չեն խորանում թեկնածուի արժանիքների, պոտենցիալի, կերպարի մեջ՝ այս ընտրությունից ակնհայտ է, բայց, փաստորեն, ՀՀԿ-ում չեն խորանում նաև թեկնածուի անցյալի մեջ։ Օրինակ՝ տարիներ անց կարող է մեկ այլ ՀՀԿ-ական էլ բացահայտել, որ կասկածներ կամ համոզմունք է ունեցել, որ Դավիթ Համբարձումյանն էլ է օտարերկրյա գործակալ կամ ազդեցության գործակալ։ Կամ, եթե կուզեք, լավագույն դեպքում «օգտակար ապուշ»։

 

Հետ գնալով. իսկ ի՞նչ էր տեղի ունեցել 1996-ին։ Ցանկացած անկախ դիտորդ, որ այդ տարիներին չափահաս է եղել, կփաստի, որ առնվազն ողջամիտ կասկածներ կային, որ 96-ի նախագահական ընտրությունները կեղծվել էին։ Ավելին՝ տեսանյութեր էին տարածվում, թե ինչպես է Վազգեն Սարգսյանը հայտարարում, որ եթե Վազգեն Մանուկյանն անգամ 100 տոկոս ձայն հավաքեր, միևնույն է՝ նրան իշխանություն չէին տա։  

 

Իսկ գուցե Վազգեն Սարգսյանը գիտե՞ր, ինֆորմացիայի էր տիրապետում, որ Վազգեն Մանուկյանը գործակալ է, և այդ մասին գիտեին նաև ՀՀԿ-ո՞ւմ՝  Սերժ Սարգսյանի միջոցով։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանը 1996-ի ընտրությունները կեղծողների թիմում էր։ Իսկ եթե մի կողմ թողնենք այս վարկածը, ապա 1996 թվականին առաջին անգամ կեղծվեցին ընտրությունների արդյունքները, իշխանությունը բռնազավթվեց, իսկ իշխանությունը ուժով, բռնությամբ ճնշեց ժողովրդի ու ընդդիմության ադեկվատ ռեակցիան՝ փողոցային պայքարը։

Եվ ահա ՀՀԿ-ականը ժողովրդի արդար ու տեղին ընդվզումը համարում է «գունավոր հեղափոխություն»։ Այսինքն՝ չի ասում, որ 1996-ին առաջին անգամ ընտրությունները կեղծվեցին, ինչին հետևեց ժողովրդի սպասելի ռեակցիան, այլ այդ սպասելի ռեակցիան անվանում է «գունավոր հեղափոխության փորձ»։ Սա տրամաբանության դեգրադացիայի, արժեքների խեղման դասական օրինակ է։ Ընտրությունների կեղծումը մարդը չի նկատում, բայց մարդկանց՝ դրան տված ռեակցիան գնահատում է որպես «գունավոր հեղափոխություն»։

 

Սա միայն Միհրան Հակոբյանի մասին չէ։ Սա ՀՀԿ-ի փչացած, խեղված արժեքային համակարգի ու տրամաբանության դեգրադացիայի մասին է։ Այս մարդիկ նույն կերպ չեն հասկացել 2018-ին տեղի ունեցածը։ Մինչև հիմա համարում են, որ 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեխնոլոգիա էր՝ «գունավոր հեղափոխություն», այլ ոչ ժողովրդի իշխանությունը բռնազավթելու, մարդկանց ընտրությունից զրկելու հետևանք։ Եվ իրենց հարց չեն տալիս, թե ինչո՞ւ այդ դեպքում իրենց մոտ էլ չի ստացվում լրիվ նույն տեխնոլոգիաները, քայլերը կրկնելով հեղափոխություն անել։ Եթե դա տեխնոլոգիա է, ապա ամեն անգամ այն նույն արդյունքը կամ գոնե մոտ արդյունք պետք է տա։ Իսկ իրենց մոտ ամեն անգամ, ինչպես ասվում է, ստացվում է 2018-ի «խղճուկ պառոդիան» կատարել։ Իսկ բանն այն է, որ բազային տվյալներն են ուրիշ՝ իշխանությունը Հայաստանում բռնազավթված չէ։ ՀՀ քաղաքացիները գիտեն, որ հերթական կամ արտահերթ ընտրություններով կարող են կամարտահայտվել ու ձևավորել իրենց ցանկացած իշխանությունը։

 


Վովա Հակոբյան

1/2198
bottom of page