Մարդու, քաղաքացու համար «հանուն բարձր նպատակի ինքնազոհողության» այս քարոզը Հայաստանի քաղաքական համակարգի այլասերվածության ակունքն է. Կարապետյանը՝ Աջապահյանի հայտարարության մասին
- Investigative journalist

- Apr 6
- 1 min read
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գյումրեցին արեց համարձակ քայլ․ վտանգեց իր սեփական բարեկեցությունը հանուն Հայաստանի Հանրապետության»։ Այսպես է ահա գոհունակությամբ բնութագրել Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը Գյումրիի ընտրությունները։
Մարդու, քաղաքացու համար «հանուն բարձր նպատակի ինքնազոհողության» այս քարոզը Հայաստանի քաղաքական համակարգի այլասերվածության ակունքն է։
Որովհետև քարոզի բուն հեղինակները գրեթե երբեք չեն կրում այն զրկանքները, որոնց քարոզը անում են, այլ սովորաբար գրասեղանին դրած եկեղեցու մանրակերտով ծածկում են սեփականաշնորհման վկայականների տրցակը։
Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,
Այս խնդրի լուծումը մեկքայլանի մի բան չէ, ինչպիսին է օրինակ «անցյալին գնահատական տալը» կամ «պարագլուխներին բանտ նետելը»։ Սրանք բարդ խնդիրները մտքում արագ լուծելու փորձեր են։ Դեռ շատ են դաշտ նետվելու հին ու նոր շառլատաններ, որ փորձելու են մեր իդեալները մեր բարեկեցությանը հակադրելու միջոցով կուտակել սեփական բարեկեցությունը կամ պաշտպանել կուտակածը։
Այս խնդիրը «արագ լուծելու» տապալված փորձը մենք ունենք 1990-ականներից, երբ բարի նպատակների համար արված ոչ այնքան բարի արարքները հետ պտտվեցին բարի նպատակներ ունեցողների և բոլորիս դեմ։ Խիստ չեմ դատում, քանի որ 1990-ականներին գուցե այլ կերպ վարվելու ձև կամ փորձ չկար։ Եւ ամեն դեպքում առաջ շարժվելու համար պետք է անցյալը բաց թողնել։
Բայց այժմ մեր խնդիրների լուծումը հաստատապես կամրջելն է բարեկեցությունը և Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի «սեփական բարեկեցությունը հանուն Հայաստանի Հանրապետության զոհելու»՝ այսինքն մեր իդեալները մեր դեմ աշխատեցնելու մեխանիզմը վերանա և վերանա անվերադարձ։
Սրա գաղափարական ձևակերպումը Իրական Հայաստանն է։ Սակայն առավել կարևոր է սրա գործնական իրագործումը, և դա բարեկարգվող փողոցն է, կառուցվող դպրոցը, եկամուտների հանընդհանուր հայտարարագիրը, պետական սահմանին տեղադրվող սյունը և դրա՛նց միջոցով բարձր նպատակի՝ Հայաստանի Հանրապետության պահպանումը»։






















