ՌԴ-ն ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ. Լավրով
ՌԴ-ն ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ. այս մասին ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ու Ռուսաստանի Դաշնությունը պատերազմի մեջ են, ինչպես որ նախկինում պնդել են մի շարք ՌԴ պաշտոնյաներ: Օրինակ՝ 2023 թվականին Նիկոլայ Պատրուշևը, որն այն ժամանակ զբաղեցնում էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, ասել էր, որ Միացյալ Նահանգները «չհայտարարված պատերազմ է վարում» Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի դեմ։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Ես դա չէի ասի: Ամեն դեպքում, սա այն չէ, ինչ մենք ուզում ենք։ Իհարկե, մենք կցանկանայինք նորմալ հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ։ Ընդհանրապես, բոլոր երկրների հետ, հատկապես այնպիսի մեծ երկրի, ինչպիսին ԱՄՆ-ն է»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը «բազմիցս արտահայտել է իր հարգանքը» Միացյալ Նահանգների ժողովրդի, նրա պատմության և ձեռքբերումների նկատմամբ։Այնուհետ Կառլսոնը հիշեցրել է Վաշինգտոնի կողմից Ուկրաինայի ֆինանսավորումն ընթացիկ հակամարտությունում:
«Ոմանք այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, անվանում են հիբրիդային պատերազմ։ Ես էլ այդպես կանվանեի։ Ակնհայտ է, որ ուկրաինացիներն առանց ամերիկյան զինվորականների անմիջական մասնակցության չէին կարող անել այն, ինչ անում են առաջադեմ հեռահար սպառազինությունների հետ։ Սա վտանգավոր է»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։