Բիլ Գեյթսն առաջարկել է ԱԲ-ի հարկ սահմանել՝ մարդկանց մեքենաներով փոխարինելուն զուգընթաց
- 1 hour ago
- 1 min read

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը ներկայացրել է արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ իր մտահոգություններն ու առաջարկել դրա նկատմամբ նոր հարկեր սահմանել՝ աշխատողների ոլորտներից դուրս մղելուն զուգընթաց, գրում է Meduza-ն։ «Կարծում եմ՝ մենք պետք է հարկ սահմանենք արհեստական բանականության թոքենների և ռոբոտների վրա։ Հիմա, եթե դուք գործատու եք և աշխատանքի եք ընդունում մարդուն, հարկեր եք վճարում նրա վաստակածից։ Բայց եթե ռոբոտ եք գնում, սովորաբար կարող եք դրա արժեքն անմիջապես դուրս գրել՝ որպես արտադրական ծախս։ Հարկային համակարգը բառացիորեն դրդում է մարդկանց փոխարինել մեքենաներով»,- նշել է նա։ Ըստ Microsoft-ի հիմնադրի՝ նման հարկը որոշ չափով կդանդաղեցնի մարդկային աշխատուժից արագ հրաժարումը և կօգնի միջոցներ հայթայթել վերապատրաստման և սոցիալական պաշտպանության ամրապնդման համար։ «Այն պետք է նպատակային լինի, որպեսզի չդանդաղեցնի արհեստական բանականության՝ բացառապես օգտակար կիրառությունները, օրինակ՝ առողջապահության և կրթության ծախսերի կրճատման հարցում»,- հավելել է Գեյթսը։ Արհեստական բանականության ապագայի մասին, դրա սրընթաց զարգացման պայմաններում, վերջերս արտահայտվել են նաև խոշոր տեխնոլոգիական ընկերությունների այլ ձեռնարկատերեր։ Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հրապարակել էր մեծածավալ էսսե՝ նվիրված արհեստական բանականության ոլորտի ապագային։ Այս թեմային անդրադարձել է նաև Իլոն Մասկը The Economist-ի գլխավոր խմբագիր Զանի Մինթոն Բեդոուզի հետ հարցազրույցում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի




















