Polka dot-ի վերադարձը. Ինչպե՞ս կրել պուտավոր պրինտը 2025 թվականին
- Investigative journalist

- Jul 27
- 2 min read

Նորաձևությունն այն եզակի ոլորտներից է, որը թույլ է տալիս վերադարձնել հինը և այն իբրև «նորություն» ներկայացնել շուկային։ Այժմ մեր սիրելի ֆիլմի՝ «Սիրունիկի» գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ պուտավոր պրինտը, վերադարձել է 2025 թվական՝ մարտահրավեր նետելով նորաձևության սիրահարներին։ Իհարկե Polka dot-ը կամ պուտավոր պրինտը դեռ 2020 թվականին դարձել էր մասշտաբային թրենդ (գուցե ոչ այնքան մասշտաբային, որքան վագրի պրինտն էր 2023-ին), բայց այժմ նորաձևության շաբաթներին պուտավոր պրինտը ներկայացնում են ոչ թե մինիմալիզմի տեսանկյունից, այլ ավելի համարձակ համադրություններով։ Այսօր կխոսենք պրինտի ընտրության կարևորության և համադրության մասին։
Պրինտի ընտրությունն ըստ կազմվածքի
Գուցե շատերի համար կարևոր չթվա պրինտի չափսի ընտրությունը, բայց իրականում այն մեծ դեր ունի՝ եթե դուք կարևորում եք հագուստի մեջ կազմվածքը ոչ միայն ընդգծելու, այլև «ուղղելու» հատկությունը։ Այսպես, խորհուրդ չի տրվում փոքրամարմին աղջիկներին և կանանց կրել մեծ պուտերով հագուստ։ Ըստ մասնագետների, տեսողական խաբկանքի արդյուքում դուք է՛լ ավելի փոքր եք երևում։ Նույն տրամաբանությամբ ավելի բարձրահասակ կամ խոշորակազմ աղջիկներին և կանանց խորհուրդ է տրվում ընտրությունը կատարել մեծ պուտերով հագուստի օգտին, հակառակ դեպքում վիզուալ ավելի խոշոր տեսք կունենաք։
Պուտավոր ակցենտ Եթե կա վախ պրինտով հագուստից, ապա օգտագործեք 2025-ի թրենդը «դոզավորված». Polka dot-ը կարող է դառնալ հետաքրքիր ակցենտ կերպարի մեջ։ Շալեր, կոշիկներ, պայուսակ պուտավոր պրինտով, և ահա՝ կերպարն ավելի հետաքրքիր է։ Հագուստից կարելի է ուշադրություն դարձնել ոչ միայն բլուզներին կամ կիսաշրջազգեստներին, այլև պուտավոր պիջակներին կամ տարբեր գույներով ու չափսերով պրինտավոր զգեստներին։
Պրինտ+գույն
Ավելի հետաքրքիր կերպար ստանալու համար պրինտով հագուստը համադրեք վառ գույների հետ։ Այս դեպքում դասական օրինակ է սև ու սպիտակ պուտավոր հագուստը կարմիրի հետ համադրելը, սակայն բացի այս հայտնի համադրությունից պուտավոր պրինտը կարելի է ավելի վառ դարձնել գույների միջոցով՝ միաժամանակ մնալով հասկանալի։
«Polka dot-ը երբեք շատ չի լինում»
Պրինտի սիրահարներին մենք առաջարկում ենք կրել շատ պուտավոր հագուստ։ Total polka dot-ը հիմա ոչ թե համարձակ կերպար է, այլ զվարճալի հայացք ժամանակակից նորաձևությանը։ Միակ կարևոր խորհուրդը պրինտի տարբեր չափսերի մասին է. ցանկալի է, որ կերպարը բաղկացած լինի տարբեր չափսի, գույնի պուտերով հագուստից․ այս մոտեցումը կերպարը կդարձնի ավելի հանգիստ։
Երկու պրինտների համադրություն
Նույն տրամաբանությամբ կարելի է ընտրել ևս մեկ պրինտ պուտավոր հագուստը համադրելիս։ Սա, իհարկե, ավելի համարձակ ընտրություն է, քանի որ մենք գործ ունենք «նորաձևության սահմանները անցնելու» հետ և, որպեսզի դուք չհայտնվեք «աղետի մեջ», մեր խորհուրդը հետևյալն է. ընտրե՛ք պրինտներ մեկ գունային համադրության մեջ, իսկ եթե ուզում եք կոնտրաստային կերպար, ապա պրինտները պիտի լինեն երկու տարբեր գույնի երանգների մեջ։ Եվ մեր վերջին խորհուրդը շատ ավելի պարզ է. կրե՛ք այն, ինչը ձեզ դուր է գալիս և համադրեք այնպես, ինչպես ձեր աչքին գեղեցիկ կթվա. չէ՞ որ ժամանակակից նորաձևությունը յուրահատկության ու սեփական ընտրության մասին է։




















