«Փաստ». «Ռևանշիստներին» խեղդելու պահանջի իրագործումը
- Investigative journalist
- 12 hours ago
- 2 min read

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական կյանքում ներկայում բուռն զարգացումներ են տեղի ունենում, որոնք աչքի են ընկնում ընդդիմադիր ուժերի և իշխանությունների հետ անհամաձայնություն հայտնած մարդկանց նկատմամբ բռնաճնշումներով։ Իհարկե, նորություն չէ, որ Նիկալ Փաշինյանը իրավապահ համակարգը դարձրել է գործիք այլախոհներին ճնշելու նպատակով։ Իր կառավարման ողջ ընթացքում էլ նման երևույթների ականատես ենք եղել անընդհատ: Սակայն վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ եռանդով է լծվել իր տեսակետը չկիսող մարդկանց, ինստիտուտների ու ուժերի նկատմամբ բռնաճնշումներին: Տպավորություն է, որ նա շատ լարված ու նյարդային վիճակում է գտնվում։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Եթե դիտարկենք իրադարձությունների շղթան, ապա կարող ենք որոշակի տրամաբանություն նշմարել։
Հետաքրքիր «զուգադիպությամբ», Փաշինյանի իշխանությունը հատկապես այն ուժերի ու գործիչների նկատմամբ է իրավապահ մահակն օգտագործում, որոնք Ադրբեջանի կողմից որակվում են որպես «ռևանշիստներ»։ Բաքվից պարբերաբար վայնասուն են դնում, թե իբր «ռևանշիստները» ցանկանում են ակտիվանալ։ Ու այդ վայնասունին զուգահեռ՝ Հայաստանի իշխանություններն իսկույն գործի են անցնում։
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանից կոնկրետ անհանգստության նշաններ են հաղորդում հայկական Եկեղեցու և Կաթողիկոսի գործունեության հետ կապված։ Բնական է՝ այդ անհանգստությունը կապված է հատկապես այն հանգամանքի հետ, որ Եկեղեցին ունի հանրային լայն աջակցություն և համապատասխան ներուժ հանրությանը համախմբելու և համազգային օրակարգն առաջ տանելու հարցում, ինչպես տեղի է ունեցել պատմության բազմաթիվ դրվագներում։ Այս տրամաբանության ներքո էլ Փաշինյանը անցնում է գործի՝ եկեղեցականներին ճնշելու, վարկաբեկելու, բանտարկելու հարցում, որպեսզի վերացնի հնարավոր դիմադրության օջախները և գոհացնի Բաքվին, ինչպես կատարում է այլ զիջումների հարցում։
Նույնը վերաբերում է նաև Եկեղեցուն աջակցություն հայտնած անձանց։ Դրա համար էլ, ի մասնավորի, Սամվել Կարապետյանին կալանավորեցին ու ցանկանում են «ազգայնացնել» ՀԷՑ-ը։ Իսկ Փաշինյանի՝ Թուրքիա այցելելուց հետո իշխանությունը առավել հատուկ ջանասիրությամբ է լծվել, այսպես կոչված, «ռևանշիստներին» փակելու գործին։ Շոուների ներքո արդեն իշխանության թիրախում են հայտնվել «Սրբազան շարժումը», ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչներ ու բարձրաստիճան հոգևորականներ։ Ու այս շարքը թերևս ավելի կընդլայնվի։
Բայց հետաքրքիրն այն է, որ Փաշինյանը երկրի ներսում աջուձախ հարձակումներ է գործում՝ միջոցների առաջ խտրություն չդնելով, սակայն ծպտուն չի հանում, երբ դրսից հայկական պետականությունն է թիրախավորվում: Ի մասնավորի՝ օրերս հանցագործ երկրի նախագահ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը «հանցագործ» պետություն է։ Փաշինյանը, որն իրեն ներկայացնում է Հայաստանի ինքնիշխանության ջատագով, այս կապակցությամբ որևէ բան չունի՞ ասելու։ Թե՞ նա ունակ է միայն իրագործել թուրք-ադրբեջանական պահանջները։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում