top of page

Որևէ ընկերություն պետականացնելը ՀՀ կառավարության ծրագրի մեջ չի մտնում․ Թունյանը` ՀԷՑ-ի մասին

Որևէ ընկերություն պետականացնելը ՀՀ կառավարության ծրագրի մեջ չի մտնում։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Այդ քննարկումը ներկայացնել որպես որևէ ընկերություն զավթելու փորձ, ճիշտ չէ։ Այ, եթե նման քննարկումներ չլինեն, կարելի է մեղադրել, որ առկա խնդիրներն աչքաթող են արվում։ Մենք շուկայական տնտեսություն ենք, ձգտում ենք այնպես անել, որ ոլորտն աշխատի թափանցիկ ու մրցակցային միջավայրում»,- նշեց Թունյանը։

Ըստ նրա՝ ՀԷՑ-ը բնական մենաշնորհ է, որն աշխատում է իր խաղի կանոններով, սակայն ակնհայտ է, որ ունենք մատակարարման խնդիրներ՝ կան հաճախակի հոսանքի տատանումներ, անջատումներ, վթարներ․ «Ուղղակի մենք մի իրողության հետ պետք է համակերպվենք, որ համակարգը և ենթակառուցվածքները բավականին հնացած են։ Խնդիրն արմատապես լուծելու համար մեծածավալ ներդրումներ են պետք, որոնք էլ իրենց հերթին ենթադրում են սակագների բարձրացում։ Մինչդեռ վերջին 20-30 տարում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում տեղի չի ունեցել, ու, ըստ այդմ, բավարար ներդրումներ էլ չեն կատարվել, սակայն համակարգի բարելավման ուղղությամբ քայլեր կատարվել են»։

Պատգամավորը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ այս ամենով հանդերձ՝ ներկա պահին սակագների բարձրացման հարց չի քննարկվում. «Վերջին մեկ-երկու տարում մենք բավականին փոփոխություններ ենք արել, որ ՀԷՑ-ը կարողանա բավարար ներդրումներ անել համակարգի արդիականացման համար»:

Ինչ վերաբերում է ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրներին, ապա նա ավելացրեց, որ «Վեոլա Ջրի» հետ ևս այս պահին կան քննարկումներ։

bottom of page