top of page

Պուտինը հանձնարարել է վերանայել Ռուսաստանի ռազմական համաձայնագրերը Ղազախստանի և Ուզբեկստանի հետ

  • 1 day ago
  • 1 min read


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է բանակցություններ սկսել Ղազախստանի և Ուզբեկստանի հետ՝ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ գործող համաձայնագրերում փոփոխություններ կատարելու շուրջ։ Համապատասխան կարգադրությունները հրապարակվել են իրավական ակտերի ռուսական պորտալում, գրում է «Коммерсантъ»-ը։

Ռուսաստանը Ղազախստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագիր է կնքել 2013 թվականի դեկտեմբերին, փաստաթուղթը վավերացվել է 2015 թվականին։ Ուզբեկստանի հետ համանման համաձայնագիր ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերին։ Պայմանագրերը նախատեսում են սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումներ, ռազմական նշանակության արտադրանքի փոխանակում, տեխնոլոգիաների և տեխնիկական փաստաթղթերի փոխանցում։

Համագործակցության շրջանակներում Ղազախստանը վերջին տարիներին Ռուսաստանից ստացել է Սու-30ՍՄ կործանիչներ (որոնց քանակը մինչև 2022 թվականը հասել է 20 միավորի), Մի-171Շ և Մի-35Մ ուղղաթիռներ, «Բուկ-Մ2Է» զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև ԲՏՌ-80 և ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ։ 2015 թվականին Մոսկվան հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման շրջանակում Աստանային անվճար Ս-300ՊՍ զենիթահրթիռային հինգ համակարգեր է փոխանցել։

2017–2019 թվականներին երկիրը ստացել է 12 Մի-35Մ հարվածային ուղղաթիռներ, որոնք մատակարարվել են պետական արտահանման վարկի միջոցով։ Բացի դրանից, հանրապետությունն արդիականացրել է մոտ 30 ՄիԳ-29 կործանիչներ։ Մոսկվան և Տաշքենդը նաև քննարկել են Սու-30ՍՄ կործանիչների, «Սոպկա-2» ռադիոլոկացիոն համալիրի և «Պեչորա-2Մ» զենիթահրթիռային համալիրների համար նախատեսված սարքավորումների հնարավոր մատակարարումների հարցը։

Ղազախստանը, ի տարբերություն Ուզբեկստանի, մտնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմի մեջ, ինչը երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը կապում է հավաքական պաշտպանության ավելի լայն մեխանիզմների հետ։ Ուզբեկստանի հետ գործում է առանձին համաձայնագիր՝ երկու երկրների ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի համատեղ կիրառման մասին։

 
 
1/2784
bottom of page