top of page

Telegram-ը 2018-ից իշխանությունների համար բացահայտում է հանցագործների IP հասցեները, հեռախոսահամարները. Դուրով

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտնել է, որ հավելվածը տարբեր երկրների իշխանությունների կողմից հիմնավորված իրավական հարցումների դեպքում արդեն մի քանի տարի է՝ բացահայտում է հանցագործների հեռախոսահամարներն ու IP հասցեները։ Այս մասին նա գրել է իր թելեգրամյանալիքում։



«2018 թվականից Telegram-ը կարողանում է իշխանություններին բացահայտել հանցագործների IP հասցեները կամ հեռախոսահամարները՝ համաձայն երկրների մեծ մասում Telegram-ի գաղտնիության քաղաքականությանը», - ասել է Դուրովը՝ մեկնաբանելով տարբեր երկրների իշխանությունների հետ համագործակցությունը:



Նա հայտարարել է, որ հավելվածի ադմինիստրացիան այս տվյալները տրամադրել է, եթե ստացել է հիմնավորված իրավական հարցում։ Մասնավորապես, ինչպես նշել է Դուրովը, Telegram-ը հանցագործների տվյալները բացահայտել է Բրազիլիայի իշխանություններին և Եվրամիության երկրներին։



«Մենք պարզեցրել և միավորել ենք մեր գաղտնիության քաղաքականությունը տարբեր երկրներում: Բայց մեր հիմնական սկզբունքները չեն փոխվել»,- եզրափակել է հավելվածի հիմնադիրը։



Սեպտեմբերի 23-ին Դուրովը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ Telegram-ի կանոնները խախտողների IP հասցեները և հեռախոսահամարները կարող են փոխանցվել «համապատասխան մարմիններին»։ Նրա խոսքով՝ նման միջոցները կարող են զսպել հանցագործներին։

bottom of page