«Հրապարակ». 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցը կանցնի երեք ատյաններով
«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի զեկույցը թեեւ պատրաստ է, սակայն այն հերթական նիստերին էլ քննության չի դրվի, լավագույն դեպքում՝ ԱԺ կներկայացվի տարեվերջին կամ ավելի ուշ՝ դառնալով նախընտրական քարոզչության մաս։
Մոտ հազար էջանոց զեկույցը, մեր տեղեկություններով, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջիկայում կուղարկի ԱԺ նախագահին, ապա՝ կառավարություն, ԱԱԾ, Արտաքին հետախուզության ծառայություն, որպեսզի թույլտվություն ստանա, թե զեկույցի որ հատվածները կարելի է բաց ռեժիմով քննարկել:
Դիցուք, Արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը կարող է թույլ չտալ, որ հրապարակեն, թե պատերազմից առաջ արդյո՞ք պատկան մարմինն օպերատիվ տվյալներ ունեցել է մոտալուտ պատերազմի մասին եւ եթե ունեցել է` հայտնե՞լ է, թե՞ ոչ։ Գերատեսչությունների պատասխաններից հետո միայն հստակ կդառնա՝ զեկույցի որ մասը բացել, որը` փակ պահել:
Մեր աղբյուրը կարծում է, որ այն ամբողջությամբ փակ է լինելու։ Ի դեպ, ասում են՝ զեկույցը գլխացավանք է դարձել Անդրանիկ Քոչարյանի գլխին, մոտ հազար էջը նա պետք է համառոտ կոնսպեկտավորի եւ որպես զեկուցող` ներկայացնի ԱԺ-ում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում