Լեհաստանում ջրհեղեղի պատճառած վնասը գնահատվել է շուրջ 1 միլիարդ դոլար
Լեհաստանի հարավում գտնվող Ստորին Սիլեզիա շրջանին ջրհեղեղի և դրա հետևանքների պատճառած վնասը գնահատվում է շուրջ 1 միլիարդ դոլար: Ճգնաժամային շտաբի նիստում այդ մասին հայտարարել է նշված շրջանի ղեկավար Մաչեյ Ավիժենը։ Նախնական տվյալներով, վնասը կազմել է 3 մլրդ 655 մլն զլոտի (այդպես է կոչվում լեհական ազգային արժույթը – խմբ.)։
«Այդ տվյալները վերաբերում են 25 միջին վարչական միավորների և երկու քաղաքների»,- նշել է Ավիժենը՝ ընդգծելով, որ որոշ շրջաններ դեռևս պայքարում են հեղեղումների դեմ, ուստի հրապարակված թիվը կարող է աճել։
Անսովոր հորդառատ անձրևները ջրհեղեղ են առաջացրել Լեհաստանի հարավում, որտեղ գետերը դուրս են եկել ափերից և հեղեղել տարբեր բնակավայրեր: Աղետի պատճառով մարդիկ տարհանվել են, արդեն հայտնի է մի քանի զոհերի մասին: Մի շարք շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն:Ամենից շատ տուժել է Ստորին Սիլեզիայի վոյեվոդությունը՝ Վրոցլավ վարչական կենտրոնով: Ջրհեղեղի ալիքն արդեն հասել է Բժեգ Դոլնի քաղաք, իսկ բուն Վրոցլավում ջրի մակարդակը նվազում է: