«Առաջարկում ենք զորակոչի առավելագույն տարիք սահմանել 32 տարեկանը»․ Սուրեն Պապիկյան
- Investigative journalist
- 4 hours ago
- 2 min read
Այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը։ Առաջարկվում է ծառայությունից խուսափած անձանց պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն տալ՝ զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։
«Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ 15 մլն դրամ պետբյուջե վճարելու պայմանով»,- ներկայացրեց նախարարը։ Նախագծով առաջարկվում է պարտադիր զինծառայության անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկան։
Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12-ամսյա ժամկետով ծառայությամբ, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2,5 միլիոն դրամ պետբյուջե վճարելու պարտականություն։
Մինչև 16 տարին լրանալը (զինվորական հաշվառման տարիք) ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների կողմից դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նաև նշեց, որ ՊՆ-ն մի քանի առաջարկ է արել նախագծի վերաբերյալ։ Մասնավորապես, նախարարությունն առաջարկում է 1 ամիս ծառայության դեպքում վճարը դարձնել 24 մլն դրամ, 6 ամսվա փոխարեն էլ ծառայության տարբերակ լինի 4 ամիսը՝ 18 մլն դրամ վճարով, զորակոչային տարիքն էլ սահմանել 37-ի փոխարեն 32 տարեկան։
ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով չնայած բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվը մեծացնել և տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ՝ ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, մտնեն պետական գանձարան․ «Միևնույն ժամանակ հնարավորություն կլինի մեծացնել պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները և թվաքանակը»,- ասաց Պապիկյանը։ Նա նաև նշեց, որ կարգը և առավելագույն թվաքանակը սահմանելու է Կառավարությունը՝ յոււրաքանչյուր զորակոչից առաջ։