Ավանդներ, ավտոմեքենա. ի՞նչ է հայտարարագրել վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանի կողմից ներկայացված կենսագրությունից պարզ է դառնում, որ նրա առաջին աշխատանքը որպես պաշտոնյա եղել է հենց վարչապետի օգնականի պաշտոնը, որը զբաղեցրել է 2022 թվականի մարտի 21-ից:
Մինչ այդ նա 2010 թվականից մինչեւ 2019 թվականները զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ, այդ ընթացքում՝ 2013-ից մինչեւ 2019 թվականները, եղել է «Պիվդոմ», «Պիվգորոդ-Ս», «Եվրասիա», «Նեվսկի Բերեգ» եւ մի շարք այլ ընկերությունների խմբի (Ռուսաստանի Դաշնություն) արտարժութային գործարքների վերահսկման պատասխանատու, միջազգային համագործակցության պայմանագրերի մենեջեր, ինչպես նաեւ արտաքին տնտեսական գործունեության մենեջեր:
2019-2020 թվականներին զբաղեցրել է «Եվրասիա» ՍՊԸ-ի (Ռուսաստանի Դաշնություն) արտարժութային գործարքների վերահսկման պատասխանատուի պաշտոնը: Նույն՝ 2019 թվականից մինչեւ 2022 թվականը եղել է Հայաստանի՝ մինչեւ 2050 թվականի վերափոխման ռազմավարության անկախ փորձագետ, այնուհետեւ թիմի ղեկավար:
Աբրահամյանը իր անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 3-ին:
Նա անշարժ գույք չի հայտարարագրել, իսկ տրանսպորտային միջոցը եղել է 2015 թվականի արտադրության HONDA մակնիշի ավտոմեքենան, որը ձեռք է բերել գնման եղանակով 2020 թվականին. Արշակյանը, սակայն, հաշվետու տարվա ընթացքում շահագործել է իրեն սեփականության իրավունքով չպատկանող, 2011 թվականի արտադրության CHEVROLET մակնիշի ավտոմեքենան: HONDA մակնիշի տրանսպորտային միջոցը հաշվետու տարվա վերջում պահպանվել է: Վարչապետի օգնականի՝ հաշվետու տարվա սկզբում առկա մեկ փոխառության գումարը կազմել է 1.860 եվրո, մյուս փոխառությանը՝ 4 մլն 970 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 4 մլն 143 հազար դրամ, իսկ նախորդը պահպանվել է առանց փոփոխության
Նրա բանկային ավանդներից երկուսը հաշվետու տարվա սկզբում զրոյական վիճակում են եղել, որոնցից մեկը տարվա վերջում դարձել է 5 հազար դոլար, իսկ մյուսը՝ 2 մլն 540 հազար դրամ:
Հաշվետու տարվա սկզբում նրա բանկային ավանդներից մեկը կազմել է 14.500 եվրո, որը տարվա վերջում զրոյացվել է, մյուսը կազմել է 2.000 եվրո եւ անփոփոխ պահպանվել է տարվա վերջում: 4 մլն 370 հազար դրամ կազմել է Աբրահամյանի մեկ այլ բանկային ավանդ, որը տարվա վերջում դարձել է 3 մլն 66 հազար դրամ, եւ վերջին ավանդը 3 հազար դոլարից դարձել է 5 հազար դոլար:
Վարչապետի օգնականի բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում կազմել է 428 դոլար եւ 1 մլն 281 հազար դրամ: Հաշվետու տարվա վերջում Աբրահամյանի բանկային մնացորդը նվազել է՝ դառնալով 287 դոլար եւ 1 մլն 101 հազար դրամ. նրա տարեկան եկամուտը կազմում է 9 մլն 7 հազար դրամ, որից 8 մլն 565 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 400 հազար դրամ 107 դոլարը «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից փոխառությունների դիմաց ստացած գումարը:
Հարկ է նշել, որ Հակոբ Աբրահամյանը իր աշխատանքային առաջին օրվանից մինչեւ այսօր աչքի չի ընկել հանրային որեւէ քայլով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։