ՔՊ-ի «դուալիստական» ցինիզմը
- Nov 20, 2022
- 1 min read

Փարաքարի ավագանու երեկվա նիստում «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատները և լքեցին նիստերի դահլիճը: «Դավիթ Մինասյան» և ՔՊ խմբակցության անդամները, որոնք ավագանիում ձևավորել են մեծամասնություն, միասին առաջադրեցին Դավիթ Մինասյանի թեկնածություն համայնքապետի պաշտոնում։ Ներդրվել է, այսպես կոչված, համատեղ կառավարման ինստիտուտը ու 2,5 տարի հետո համայնքապետի պաշտոնում Մինասյանին կփոխարինի ՔՊ ներկայացուցիչը։
Եթե ամբողջ երկրում նման քաղաքակիրթ ձևով ընթանային հետընտրական զարգացումները, Հայաստանին կարելի էր շնորհավորել ինստիտուցիոնալ ժողովրդավարության կայացման համար։ Բայց երբ Փարաքարի նախադեպը դիտարկում ենք «ինտրիգային» այլ համայնքների համատեքստում, ապա ՔՊ վարքագծում ի հայտ է գալիս «դուալիստական» բնավորություն՝ ակնհայտ ցինիզմի հատկանիշներով։
Օրինակ, Վարդենիսում ստեղծված է Փարաքարի հետ միանգամայն համեմատելի իրավիճակ՝ այն տարբերությամբ, որ այստեղ ընտրական գործընթացի առաջատար ՔՊ-ն կորցնում է տեղական իշխանությունը, որովհետև ընդդիմադիր երկու խմբակցությունները մեծամասնություն են կազմել ու նույնիսկ առաջադրել և ընտրել են համայնքապետ, որի լեգիտիմությունը կառավարող կուսակցությունը մտացածին հիմքերով վիճարկում է Վարչական դատարանում։
Վարդենիսում ՔՊ-ն պատրաստ է անգամ քաղաքացիական բախումներ հրահրել ու պատճառը, թերևս, այն է, որ ի տարբերություն Փարաքարի, այս համայնքում նրան որևէ մեկը կոալիցիա չի հրավիրում կամ չի առաջարկում համատեղ կառավարման մոդել։ Որտեղ ՔՊ-ն կորցնում է իշխանությունը, կարող ենք մոռանալ ժողովրդավարության, տոլերանտության, քաղաքական կոմպրոմիսների մասին։ Վարդենիսում պատրաստ են «արյունով» պահել իշխանությունը, Վանաձորում ՔՊ-ն դարձյալ հայտնվում է լուսանցքում ու գործի է դրել ռեպրեսիվ մեքենան՝ ավագանու անդամներից մեկին՝ Մամիկոն Ասլանյանին, ով համայնքապետի ամենահավանական թեկնածուն է, զրկելով ընտրելու և ընտրվելու իրավունքից։ Եթե ընդհանրացնենք, ապա հարկադրված ենք արձանագրել՝ ՔՊ-ն «հանդուրժող» է, երբ իր հետ «բարիշում» են, մյուս դեպքերում նմանվում է ավտորիտար ավանդույթներով առաջնորդվող ուժի, որը թքած ունի ժողովրդավարական բոլոր նորմերի վրա։
Վահրամ Բագրատյան




















