top of page

Թվայնացման աշխատանքները մեր առաջնահերթություններից են․ Փաշինյանը՝ Amazon Web Services-ի փոխնախագահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Amazon Web Services  ընկերության փոխնախագահներ Մայքլ Փանքեին և Մաքս Պետերսոնին:

Քննարկվել են ՀՀ կառավարության և Amazon Web Services-ի միջև փոխգործակցությանը, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու և էլ ավելի ամրապնդելու պատրաստակամությունը ու հավելել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկումների և երկխոսության փուլում են:

Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանն ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ թվայնացմանն ուղղված աշխատանքները ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում են և կարևորել հատկապես այդ ուղղությամբ սերտ փոխգործակցությունը:

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև «Թվային վստահություն և կառավարության շարունակականություն. ամպային հաշվողականությունը փոփոխվող աշխարհաքաղաքական դարաշրջանում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Միջոցառումը կազմակերպել են Amazon Web Services  ընկերությունը և Մյունխենի անվտանգության համաժողովը:

bottom of page