«Փաստ». Ազգային անվտանգության հետ կապված լուրջ խնդիրն աչքաթող անելը կարող է ծանր հետևանքներ ունենալ
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչության գլխավոր հարթակներից մեկը՝ kavkazplus.com ռեսուրսը, օրերս մի հսկայական հոդված էր հրապարակել, որտեղ հերթական անգամ «մտահոգություններ» են արտահայտվում Հայաստանի հանքարդյունաբերության ու վերջինիս կողմից իբր տարածաշրջանին հասցվող բնապահպանական «վնասների» վերաբերյալ: Ընդ որում, ադրբեջանական բնապահպանները «հղումներ» են անում չեխական «Առնիկա» կազմակերպությանը, որը Հայաստանում ուսումնասիրություններ էր կատարել, և որի հետ կապված մենք հրապարակում էինք ներկայացրել՝ հրավիրելով Հայաստանի համապատասխան կառույցների ուշադրությունը: Սա արդեն կազմակերպված ու ծրագրված հարձակման տպավորություն է թողնում, քանի որ զուգահեռաբար անցյալ շաբաթ ադրբեջանական լրատվամիջոցներն ինտենսիվորեն տարածեցին իրենց «բնապահպանների» արդեն երկրորդ նամակը՝ ուղղված Հայաստանի վարչապետին։
Ադրբեջանցի «բնապահպանները» դարձյալ բարձրացնում են իբր Հայաստանի հանքարդյունաբերության կողմից «տարածաշրջանի բնապահպանական աղտոտման» թեման: Դեռ հարցի մի կողմն է, որ տարածաշրջանային բնապահպանական աղտոտումից են խոսում մի երկրի բնապահպաններ, որը տարածաշրջանն ու մոլորակը աղտոտող հիմնական երկրներից մեկն է՝ իր նավթարդյունաբերությամբ: Նրանք իրենց «գործն» են անում՝ ընդդեմ Հայաստանի: Սակայն տարակուսելի է, որ նրանց այս արշավին ժամանակ առ ժամանակ, կամա թե ակամա, միանում են նաև հայաստանյան որոշ բնապահպաններ ու բնապահպանական ՀԿ-ներ: Ընդ որում, զարմանալիորեն ադրբեջանական բնապահպանների ակտիվացումները համընկնում են «ներքին» ակտիվացումների հետ:
Այս օրերին էլ, ադրբեջանական բնապահպանների հերթական «մտահոգություններին» զուգահեռ, նորից ակտիվացում է նկատվում հայաստանյան բնապահպանական որոշ շրջանակների կողմից՝ ընդդեմ Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Արարատում ոսկու կորզման գործարանի, Ամուլսարի դեռևս չսկսված շահագործման:
Պատահական չէ, որ այս հոդվածի սկզբում հիշատակված ռեսուրսի հոդվածում մեջբերումներ են արվում ոչ միայն «Առնիկայից», այլև որոշ հայ բնապահպաններից, որոնց մեջբերելը ադրբեջանական մամուլի համար դարձել է մշտական գործելաոճ: Շատ ավելի հարմար է, երբ տարածաշրջանին Հայաստանի հասցված «վնասի» և Հայաստանից եկող «աղտոտման» մասին խոսում են հենց հայերը։
Մենք ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ բնապահպանական խնդիրները պետք է լինեն մշտական ուշադրության ներքո, սակայն պետության ու հանքարդյունաբերության ոլորտի մասնագետների, գիտական շրջանակների հետ փոխգործակցության, տեղեկատվության ներքին փոխանակման, լուծումներ փնտրելու և գտնելու, այլ ոչ թե հանրային աղմուկի միջոցով, ինչը փաստացի վերածվում է Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելուն՝ կամա թե ակամա:
Երեկ ՊԵԿ-ը հրապարակեց խոշոր հարկատուների ցանկը, որը դարձյալ գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, երբ թիրախավորում է հանքարդյունաբերության ոլորտը, պարզից էլ պարզ է։ Հայաստանի հանքարդյունաբերության վրա միջազգային արգելքների կիրառումը, նման հնարավորության դեպքում՝ ադրբեջանցիների մաքսիմում ծրագրերից ու երազանքներից մեկն է: Դժվար է ասել, թե աշխարհաքաղաքական այս քաոսային իրադրության մեջ, երբ Հայաստանը կանգնած է կենսական վտանգներին դիմակայելու խնդրի առաջ, ինչ նպատակով են Հայաստանի հանքերից եկող վտանգների մասին ադրբեջանցիներին զուգահեռ անընդհատ «ահազանգում» մի շարք՝ Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձինք։ Նրանք դա անում են զարմանալիորեն սինխրոն Ադրբեջանի հետ՝ թե՛ ահասարսուռ հայտարարություններով, որոնք, եկեք ընդունենք, որպես կանոն, ոչ մի բանով հիմնավորված չեն, թե՛ կասկածելի միջազգային կազմակերպություններ հրավիրելով։ Սա ինքնին ազգային անվտանգության հետ կապված լուրջ խնդիր է, որն աչքաթող անելը կարող է ծանր հետևանքներ ունենալ»։