top of page

Հայաստանը վերջապես կանդամակցի «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին»

Jan 25, 2024
1 min read

Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած նախագծով գործադիրը կվավերացնի «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել էր դեռևս ինը տարի առաջ՝ 2015 թվականի հունիսի 29-ին, իսկ ՀՀ անդամակցության գործընթացի հետ կապված բանակցությունները սկսվել էին դեռևս 2016 թվականից։ Համաձայնագիրն առաջարկվում է ընդունել կից վերապահումով։ 

Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկը (ԵՆԱԲ) հիմնվել է 2015 թվականին Չինաստանում։ Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն և բարելավել ենթակառուցվածքները՝ ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում և այլ արդյունավետ ոլորտներում, խթանել տարածաշրջանային զարգացումը Ասիայի և Օվկիանիայի տարածաշրջանում՝ այլ միջազգային բազմակողմ և երկկողմ զարգացման կառույցների հետ սերտ համագործակցությամբ։ Բանկին անդամակցում են 106 հաստատված անդամ երկրներ, իսկ հիմնադիր 57 անդամ երկրների թվում են՝ Իրանը (2,541 բաժնեմաս), Վրաստանը (539 բաժնեմաս), Թուրքիան (26,099 բաժնեմաս) և Ադրբեջանը (2,541 բաժնեմաս)։ 

Բանկին անդամակցության գործընթացը նախատեսում է բաժանորդագրում Բանկի բաժնետիրական կապիտալի բաժնեմասերին՝ վճարվող և ցպահանջ բաժնեմասերի միջոցով: Մեկ բաժնեմասի արժեքը 100 հազ. ԱՄՆ դոլար է։

2017թ․ Հայաստանը դիմում-հայտ էր ներկայացրել Բանկին, որով Հայաստանի անդամակցությունը Բանկին նախատեսվում էր 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ։

2019թ․ ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկել էր, որ Հայաստանը 5 բաժնեմասով բաժանորդագրվի Բանկին, սակայն առաջարկը սկզբունքորեն մերժվել էր Բանկի կողմից՝ նշելով, որ 5 բաժնեմասով բաժանորդագրված են բացառությամբ ամենափոքր թեկնածուները:

Նշվում է, որ ԵՆԱԲ անդամակցումը Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին՝ միաժամանակ համագործակցելով զարգացման բազմակողմ և երկկողմ այլ հաստատությունների հետ և ներգրավելով պետական և մասնավոր կապիտալի ներդրում: Անդամակցումը նպատակահարմար է նաև վարկային միջոցների աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից։

Վահե Մակարյան

1/2905
bottom of page