Գիտնականները պարզել են՝ որ դեղամիջոցների ընդունումն է նվազեցնում դեմենցիայի զարգացման հավանականությունը
- Investigative journalist

- Jan 23, 2024
- 1 min read

Ստատինների ընդունումը նվազեցնում է սրտային անբավարարություն ունեցող հիվանդների մոտ դեմենցիայի բոլոր տեսակների զարգացման վտանգը 20%-ով, իսկ Ալցհեյմերի հիվանդության վտանգը՝ 28%-ով։ Այս մասին է վկայում Lancet Regional Health ամսագրում հրապարակված հետազոտությունը։
Գիտնականները վերլուծել են Հոնկոնգից սրտային անբավարարություն ունեցող ավելի քան հարյուր հազար հիվանդի տվյալները, որոնց մի մասը ստատիններ՝ արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղամիջոցներ էր ընդունում: Մասնակիցները միջինում 74 տարեկան էին, իսկ հետազոտությունը տևել է 10 տարի։ Այդ ընթացքում 2250-ի մոտ առաջացել է Ալցհեյմերի հիվանդություն, 1831-ի մոտ՝ անոթային դեմենցիա, իսկ 5950-ի մոտ՝ թուլամտության որևէ այլ տեսակ:
Ստատիններ ընդունող մասնակիցների շրջանում դեմենցիայի տարածվածությունը կազմում էր 7,3 տոկոս, մինչդեռ չընդունողների շրջանում՝ 11 տոկոս։ Մասնակիցների այլ ցուցանիշների վերլուծությունը ցույց է տվել, որ ստատինները նվազեցնում են դեմենցիայի ցանկացած տեսակի զարգացման հավանականությունը 20 տոկոսով, իսկ որևէ պատճառից մահվան հավանականությունը՝ 30 տոկոսով։ Ընդ որում՝ այս դեղամիջոցները հատկապես արդյունավետ են Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման հարցում, քանի որ նվազեցնում են դրա հարաբերական վտանգը 28 տոկոսով։
Նախկինում անցկացված հետազոտություններն արդեն իսկ ցույց էին տվել, որ ստատինների ընդունումը կարող է զգալիորեն նվազեցնել դեմենցիայի վտանգը: Այս նոր գիտական աշխատանքը հաստատում է այդ տվյալներն ու վկայում, որ դրանք արդյունավետ են նաև սրտային անբավարարություն ունեցողների համար:




















