top of page

ՀՀ-ն անում է ամեն ինչ՝ համաձայնեցված սկզբունքները Խաղաղության պայմանագրում ամրագրելու համար, Ադրբեջանի կողմից բավարար ջանքեր չենք տեսնում․ Ռուբինյան

Շատ կարևոր է իմանալ, որ խաղաղության բանակցություններն այս ամբողջ ընթացքում կանգ չեն առել։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Նախորդ տարի ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո, ֆիզիկական հանդիպում երկրների ղեկավարների մակարդակով չէինք ունեցել, սակայն կողմերը շարունակել են փոխանակվել Խաղաղության պայմանագրի վերաբերյալ իրենց տեսակետներով։ Հայաստանը և Ադրբեջանը տարբեր հարթակներում կարողացել են պայմանավորել Խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքների շուրջ»,- ասաց Ռուբինյանը։

Վերջինս ներկայացրեց, թե որոնք են այդ սկզբունքները։

«Առաջին հերթին դա փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ հինված Ալմա Աթայի հռչակագրի հիմնա վրա։ Ալմա Աթային հռչակագիրը հաստատում է, որ Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Երկրորդ սկզբունքը, որի շուրջ պայմանավորվել են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատումն է, որն իրականացվելու է Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։ Երրորդ սկզբունքը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիներին, որոնք վերաբացվելու են երկրների իրավազորության, հավասարության, փոխադարձության հիման վրա։ Կարծում ենք՝ եթե կարողանանք այս գոյություն ունեցող սկզբունքներն ամրապնդել խաղաղ բանակցություններում, շատ սեղմ ժամկետում հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Ցավոք, չեմ կարող ասել, որ մենք դա կարողացել ենք անել մինչև հիմա։

Հայկական կողմն ամեն ինչ անում է` իրականացնելու Ալմա Աթայի հռչակագրով ամրագրված այն հիմնական սկզբունքները, որոնց շուրջ տարբեր համաժողովների շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություններ ձեռք են բերել։ Ցավոք, հայկական կողմը բավարար ջանքեր չի տեսնում Ադրբեջանի կողմից։ Իհարկե դա մեր գնահատականն է, մենք հույս ունենք, որ շուտով կարողանանք հասնել անհրաժեշտ արդյունքի»,- ասաց Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունենում պանելային քննարկում «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով, որտեղ որպես բանախոսներ հանդես են գալիս նաև Ռուբեն Ռուբինյանը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը, Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

1/1815
bottom of page