«Վարչապետի վերջին արտահայտությունների մեջ դուք պետք է տեսնեք, որ նա կոնկրետ ասում է՝ Ալիև, դու պետք է հետ քաշվես, պետք է լինի այնպես, ինչպես իմ ժողովուրդն է ուզում»․ ՔՊ-ական
News.am-ի հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե քանի դեռ Հայաստանը չի փոխել իր օրենսդրությունը, «խաղաղության պայմանագիր» չի լինի, ասել է․
«Ալիեւը, այո, կարող է հոխորտալ, որովհետեւ այլեւս չի կարողանում ուժով հասնել իր ուզածին: Նրանք, որոնք միամտաբար կարծում են, թե Ալիեւի հոխորտածի հետեւում մի բան կա, ես վստահ եմ, որ չկա։ Ալիեւն արդեն հիմա հասկանում է, որ եթե լուրջ, լայնամասշտաբ ինչ-որ բանի գնա, մենք արդեն ի վիճակի ենք պատասխան տալու: Այդ պատասխան տալու հնարավորությունը կատաղեցնում է իրեն, դրա համար էլ հոխորտում է: Ես շատ վաղուց եմ թուրքին ճանաչում, եթե թուրքը մի վայրկյան անգամ մտածում է, որ կարող է անել, ինքը ոչ խոսում է, ոչ հոխորտում է, միանգամից անում է»,-ասել է նա:
Դիտարկմանը, որ Ներքին Հանդում հայկական կողմը որեւէ կերպ պատասխան չտվեց Ադրբեջանի սադրանքին, պատժիչ գործողություն չարեց, ՔՊ-ական պատգամավորն արձագանքել է. «Ինձ հասած տեղեկություններով, պատժիչ գործողություններ մեր կողմից պետք չեն, որովհետեւ հիմա մենք չենք ուզում լայնածավալ կռվի մեջ ներքաշվել: Ինչքան ես գիտեմ՝ մեղավորությունը մերոնց կողմն է եղել: Ես խոսել եմ Ներքին Հանդի տղաների հետ, մերոնց կողմից է եղել առաջին խախտումը: Կրակոց է եղել, եւ նրանք զոհ են տվել: Հիմա ոչ մի դեպքում չի կարելի գնալ սրացման: Մեզ 1-1,5 տարի եւս անհրաժեշտ է, որ ամբողջությամբ կարողանանք մեջքներս ուղղել, եւ թուրքի հետ ուրիշ ձեւով կխոսենք : Թեկուզ վարչապետի վերջին արտահայտությունների մեջ դուք պետք է տեսնեք, որ նա կոնկրետ, հստակ եւ նախանշված ասում է՝ Ալիեւ, սա է ճշմարտությունը եւ վերջացավ, գնաց, դու պետք է հետ քաշվես․ ուզես-չուզես, պետք է լինի այնպես, ինչպես իմ ժողովուրդն է ուզում»:
Ասլանյանի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունը նաեւ մեսիջ էր միջազգային հանրությանը, որ եթե նոր պատերազմ լինի, կարող է մենք համարժեք պատասխան տանք, ու այդ դեպքում մեզ չպետք է մեղադրել պատերազմ վարելու մեջ: