Խնդրեցի` թքելու օրինակն էլ չբերել. ես տեղ եմ տվել հույզերին, որի համար հետևություն եմ արել. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ խմբակցութան քարտուղար Արթուր Հովաննիսյանը քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ են ներկայացրել:
Սիմոնյանն այսօր հայտարարեց, որ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է որպես համահեղինակ հանդես եկել:
«Այո, օրենքը բոլոր հարցերը չի լուծում ու չի էլ կարող լուծել, բայց քայլ պետք է անել»,- նշեց նա:
Սիմոնյանն ասաց նաև, թե ինչն է իրեն դրդել, որ նման նախագծի համահեղինակ դառնա:
«Վերջերս մի ֆիլմ աչքովս ընկավ, առաջին հինգ րոպեի ընթացքում այնպիսի բառապաշար ու բարքեր էր քարոզվում, որ ուղղակի չեմ ուզում անգամ այստեղ օրինակ բերել»,- ասաց ԱԺ նախագահը: Նա հիշատակեց Ալ Պաչինոյին, որ նա, լինելով ամենահայտնի ու ամենասիրված դերասանը, «Օսկար»-ի չի արժանացել, քանի որ նման բարքեր է տարածել:
«Չի կարելի թմրանյութը դիմացը լցրած մարդուն խրախուսել»,- նշեց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը կրկին խնդրեց չբերել իր թքելու օրինակը:
«Ես զգուշացրեցի, որ ես էլ կարող եմ օրինակներ բերել: Եթե այդքան պարկեշտ եք, եթե ձեր համար օրենքն այդքան կարևոր է, ձեր կուսակցի` Պողոս Պողոսյանի գլուխն այնքան էին հարվածել զուգարանակոնքին, որ մահացավ, ի՞նչ արեցիք, այդ նույն թիմի ներկայացուցչի հետ միացաք ու եկաք Ազգային ժողով: Ես ներողություն եմ խնդրել ու կրկին ներողություն եմ խնդրում, որովհետև դա անընդունելի եմ համարում, ես տեղ եմ տվել հույզերին, որի համար հետևություն եմ արել», - ընդգծեց Սիմոնյանը: