Դպրոցը կարող է դառնալ այն ռեսուրս կենտրոնը, որի օգնությամբ հնարավոր կլինի լուծել համայնքային խնդիրները. Արաքսիա Սվաջյան
- Investigative journalist

- Jan 18, 2024
- 1 min read

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Դպրոց-համայնք համագործակցություն» աշխատաժողովին, որով մեկնարկել է «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագիրը:
Աշխատաժողովին մասնակցել են Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների և Լատինական Ամերիկայի ծրագրերի գծով տնօրեն Լենա Ֆալկոնը, ՏԿԵ նախարարության, ՀՀ տարբեր համայնքների, դպրոցների ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջույնի խոսքում կարևորել ծրագրի մեկնարկը՝ ընդգծելով դպրոց-համայնք համագործակցության զարգացումը. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որպես պատասխանատու ստորաբաժանում կարևորում է դպրոցների դերակատարության բարձրացումը համայնքային կյանքում: Դպրոցը, զարգացնելով իր գործառույթները, պետք է դառնա այն պատասխանատու կառույցը, որի շուրջ կարող են կազմակերպվել համայնքային կյանքի աշխուժացման մի շարք գործընթացներ: Այս համատեքստում կարևորում ենք դպրոցների՝ որպես համայնքային կենտրոններ գործելու հեռանկարը»:
Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ «ԴեաԼոգ» ծրագիրն օգնելու է ավելի թիրախային և պլանավորված իրականացնել ապակենտրոնացմանն ուղղված պետական քաղաքականությունը, ինչպես նաև արձանագրել ընթացիկ խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: Փոխնախարարն անդրադարձել է նաև Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում նախատեսվող կրթահամալիրների կառուցմանը. «Մենք ունենալու ենք ժամանակակից պահանջներին համապատասխանող միջավայրեր, ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան նախաձեռնելու երիտասարդական, մշակութային, մարզական տարբեր միջոցառումներ, գործունեության ձևեր ոչ միայն երեխաների, այլև համայնքի այլ բնակիչների համար: Դպրոցը կարող է դառնալ այն ռեսուրս կենտրոնը, որի օգնությամբ համայնքը կկարողանա լուծել իր խնդիրները: Վստահ եմ, որ այս ծրագրի շրջանակում ընդգրկված դպրոցները այն առաջամարտիկներն են դառնալու, որոնք սկսելու են համայնքի կարիքներին համապատասխան գործունեություն իրականացնել»:




















