top of page

Երբ լսում ես Հայաստանի Հանրապետության օրհներգը, ոգեշնչվում ես անել ավելին․ Հակոբ Մկրտչյան

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը, որը Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում նվաճել է չեմպիոնի կոչումը, ArmSport-ի հետ զրույցում կիսվել է տպավորություններով:

«Զգացողությունները շատ մեծ են: Երբ լսում ես Հայաստանի Հանրապետության օրհներգը,  ոգեշնչվում ես անել ավելին, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի ու հասկանա, թե որքան ուժեղ ազգ ենք մենք»,- նշել է Մկրտչյանը:

Անդրադառնալով թիմակցի՝ ԵԱ-ի փոխչեմպիոն հռչակված Դավիթ Հովհաննիսյանի հետ մրցակցությանը, գյումրեցի ծանրորդը մասնավորապես ասել է.

«Մեր մեջ այդ մրցակցությունը չկա: Պարզապես ծանրաձողն է ու մենք. բարձրացրի՞ր՝ կհաղթես, ո՞չ՝ կպարտվես: Սա է ամբողջը»,- ընդգծել է Հակոբ Մկրտչյանը:

Հիշեցնենք՝ 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները զբաղեցրել են հայ ծանրորդները: Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով (166+209) կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 374 կգ արդյունք (169+205) և դարձել արծաթե մեդալակիր:

Նշենք՝ պոկում վարժության արդյունքներով Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 169 կգ կշռող ծանրաձողը, իսկ Մկրտչյանը 166 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժության արդյունքներով Մկրտչյանը նվաճել է նաև փոքր ոսկե (209 կգ), իսկ Հովհաննիսյանը՝ փոքր արծաթե մեդալը (205 կգ):

bottom of page